Մատչելիության հղումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը այսօր Կիեւում հայտարարել է, որ ինքը սատարում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության գործողությունների ծրագիր տրամադրելուն:

«Դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն տանող ճանապարհին Ուկրաինային օգնելը բխում է Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամների շահերից: Դա կնպաստի այս տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում անվտանգությունն ու ազատությունն առաջ տանելու գործին», - ասել է Բուշը ուկրաինացի պաշտոնակից Վիկտոր 3ուշչենկոյի հետ համատեղ ասուլիսում:

Բուշը գովեստով է խոսել Ուկրաինայի ժողովրդավարական եւ ռազմական բարեփոխումների մասին եւ հավելել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող միակ երկիրն է, որն աջակցել է դաշինքի բոլոր գործողություններին Աֆղանստանում, Կոսովոյում եւ Իրաքում:

Վիկտոր 3ուշչենկոն, անդրադառնալով Կիեւում եւ ուկրաինական այլ քաղաքներում ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների դեմ կարգախոսներով հանրահավաքներին, բնական է համարել, որ որոշ ուժեր Ուկրաինայում չեն աջակցում ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին, եւ մի քանի հարյուր մարդ բողոքի ցույցեր են կազմակերպել կարմիր դրոշների ներքո:

Միացյալ Նահանգների նախագահը ասել է, թե Ռուսաստանը չունի ՆԱՏՕ-ի վճիռները վետոյի ենթարկելու իրավունք: Ջորջ Բուշն ընդգծել է, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի եւ Ուկրաինայի մտադրությունների եւ Մոսկվայի քննադատությանն արժանացած մեկ այլ ծրագրի՝ Կենտրոնական Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային կայան տեղակայելու միջեւ որեւէ առնչություն չկա:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում Վրաստանին եւ Ուկրաինային կարող է շնորհվել անդամակցության գործողությունների ծրագիրը, սկսվում է վաղը՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ, այդ թվում Գերմանիան եւ Ֆրանսիան, դեմ են այս փուլում դաշինքի ընդարձակմանը:

Ըստ մեկնաբանների, այն, ինչ չի կարող անել Ռուսաստանը, գուցեեւ կանի Գերմանիան: «Ֆայնեյշլ Թայմս»-ի փոխանցմամբ, Բեռլինը կարող է պարզապես վետոյի ենթարկել Վրաստանին եւ Ուկրաինային անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրումը: Ուստի, Բուխարեստում գագաթնաժողովի մասնակիցները կփորձեն գտնել ամփոփիչ հռչակագրի այնպիսի բանաձեւ, որը, մի կողմից, տհաճ կացության մեջ չի դնի ուկրաինացիներին եւ վրացիներին, մյուս կողմից` չի զայրացնի ռուսներին:

Բուխարեստում ակնկալվում են նաեւ այլ սկանդալային պահեր. ենթադրվում է, որ Հունաստանը վետոյի կենթարկի Մակեդոնիայի անդամակցությունը` երկրի անվան շուրջ վեճի պատճառով:

Հունաստանի հյուսիսում Մակեդոնիա անունով գավառ կա, եւ Աթենքը պնդում է, որ այդ անունը մեկ այլ երկրի համար ընտրելու հանգամանքը կարող է դիտվել որպես տարածքային պահանջ եւ ապակայունացնել իրավիճակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG