Մատչելիության հղումներ

Ագոյի խումբը իր ներդրումն է առաջարկում «իրավիճակը ժողովրդավարական ուղի վերադարձնելու ուղղությամբ»


Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենը այսօր, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում ասաց, որ 6 կետից բաղկացած առաջարկություններ են բերվել, ինչը կարող է դիտվել որպես «մեր ներդրումը իրավիճակը ժողովրդավարական ուղի վերադարձնելու ուղղությամբ»:

«Երեկ մենք այցելել ենք «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Մենք տեղեկացվեցինք, որ ձերբակալվածներին մեկուսացրել են իրենց ընտանիքներից եւ երեխաներից», - ասաց Սյոգրենը` շարունակելով. - «Մենք կարծում ենք, որ սա անմիտ է: Մենք բարձրացրել ենք այս հարցը գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի մոտ, եւ հավաստիացումներ ստացանք, որ այս խնդիրը լուծում կստանա»:

«Երկրորդը` մենք միանում ենք շատ միջազգային կազմակերպությունների կոչին, որ քաղաքական գործունեության համար ձերբակալված մարդիկ պետք է ազատ արձակվեն: Մենք խնդրել ենք, որ մեզ պարբերաբար տեղյակ պահեն այդ մասին», - ասաց նա: - «Մենք միանում ենք մարտի 1 ի իրադարձությունների շուրջ անկախ եւ անկողմնակալ հետաքննության կոչերին: Ինչպես պետք է դա տեղի ունենա, մեր խնդիրը չէ, բայց մենք միանում ենք հայաստանյան հետաքննության կոչին, որին կարող են օգնել, անհրաժեշտության դեպքում, Եվրոպայի խորհուրդը կամ այլ միջազգային կազմակերպությոններ: Բայց այն [հետաքննությունը] պետք է հայաստանյան լինի, եւ վայելի հասարակության վստահությունը»:

Մյուս առաջարկությունը վերաբերվում է հանրահավաքների անցկացման կարգի մասին օրենքի վերանայմանը. - «Ես նախ ափսոսում եմ, որ այս օրենքում փոփոխություններ անելիս չեն խորհրդակցել Եվրոպայի խորհրդի հետ: Վենետիկի հանձնաժողովը, ինչպես հայտնի է, հրապարակել է օրենքում այս փոփոխութունների վերաբերյալ իր գնահատականը, եւ այնտեղ մի շարք դիտողություններ կան: Մենք ակնկալում ենք եւ տպավորություն ունենք, որ կառավարությունը կանդրադառնա այդ դիտողություններին»:

«Որովհետեւ սա վերաբերվում է հավաքների ազատությանը. սա մի իրավունք է, որ ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, եւ քննարկման ենթակա չէ», - փաստարկեց նա:

Առաջարկություններից վերջինը բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսության կոչին է վերաբերում:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ առաջարկությունները նոր են արվել, ինքը հենց Ագոյի խմբի պատվիրակությունից է իմացել դրանց մասին:

«Կարծում եմ, որ առաջարկությունները միտված են իրավիճակի բարելավմանը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Ինչպիսի վերջնական արդյունք կտա, կերեւա առաջարկությունների հետագա քննարկումներից»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք հայաստանյան պաշտոնայները, ում հետ առավոտյան հանդիպել է Պեր Սյոգրենը, ընդունում են, որ ձերբակալվածների մեջ կան այնպիսիք, որ քաղաքական գործունեության պատճառով են ձերբակալվել, եւ արդյոք իշխանությունները պատրաստակամ են կատարել վերջիններիս ազատ արձակելու պահանջը, Ագոյի խմբի ղեկավարն ասաց միայն հետեւյալը. - «Երբ մենք բարձրացրեցինք քաղաքական գործունեության պատճառով ձերբակալվածներին ազատ արձակելու հարցը, ես դրական պատասխան ստացա, եւ պատասխանը ենթադրում էր, որ այս խնդիրը լուծում կգտնի: Մանրամասներ առայժմ չեն քննարկվել»:

Ինչ վերաբերվում է հանրահավաքների մասին օրենքի փոփոխություններին եւ Վենետիկի հանձնաժողովի արած դիտողություններին, Սյոգրենը ասաց. - «Արդարադատության նախարարն այսօր առավոտյան քննարկման ժամանակ հստակ ասաց, որ կառավարությունը կանդրադառնա խնդրին»:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG