Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԽԽՎ-ի նախագահի եւ Հունաստանի վարչապետի հետ


«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթավերջին Աթենքում հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Լուիս Մարիա դե Պուիչի եւ Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի հետ:

ԵԽԽՎ-ի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնախմբի եւ հանցագործությունների խնդիրների ու ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնախմբի կազմակերպած «Հակահաբեկչական միջոցները եւ մարդու իրավունքները» խորհրդաժողովի շրջանակներում Հովհաննիսյանը անվտանգության եւ քաղաքացիական ազատությունների համամոլորակային մարտահրավերների, տարածաշրջանային իրադարձությունների եւ հետզհետե խորացող ներքին ճգնաժամերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել մարդու իրավունքների գծով փորձագետների եւ եվրոպական մի շարք երկրների խորհրդարանականների հետ: Նա այդ հարցերը առանձին քննարկել է նաեւ ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Լուիս Մարիա դե Պուիչի հետ:
«Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության համաձայն, Հունաստանի ֆինանսների նախկին նախարար եւ այդ երկրում ԵԽԽՎ-ի պատվիրակության ներկայիս նախագահ Արիստոտելիս Պավլիդիսի ուղեկցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է Հունաստանի խորհրդարանի հատուկ նիստին, որտեղ հանդիպել է վարչապետ Կարամանլիսի հետ: Մասնավոր հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG