Մատչելիության հղումներ

Բերթի Ֆոգսթը՝ Ադրբեջանի հավաքականի մարզիչ


Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Բերթի Ֆոգսթը երեկ նշանակվել է Ադրբեջանի ազգային հավաքականի մարզիչ:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, 61-ամյա գերմանացի մասնագետը փոխարինելու է մակեդոնացի Գոյկո Հաջիեւսկուն, որի ղեկավարությամբ Ադրբեջանի թիմը Եվրոպայի 2008 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի A խմբում գրավել է վերջին տեղը:

Բերթի Ֆոգսթը նախկին ֆուտբոլիստ է, որպես պաշտպան խաղացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ում եւ Գերմանիայի ազգային հավաքականում: Գնդակի համար մինչեւ վերջ կատաղի պայքար մղելու ունակության համար երկրպագուները նրան տվել էին «Տերիեր» (որսաշան տեսակ) մականունը:

«Բորուսիա»-ի կազմում նա 5 անգամ դարձել է Արեւմտյան Գերմանիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը եւ երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի գավաթը:

1974 թվականին Ֆոգսթը Արեւմտյան Գերմանիայի ազգային հավաքականի կազմում արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսին: 1979 թվականից սկսել է աշխատել որպես մարզիչ տարբեր թիմերում, ապա` հավաքականում:

Բերթի Ֆոգսթի ղեկավարությամբ Գերմանիայի ազգային հավաքականը 1996 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 1998 թվականին Ֆրանսիայում անցկացված աշխարհի առաջնությունում Գերմանիայի թույլ ելույթից հետո նա հեռացել է հավաքականից:

Ֆոգսթը մարզել է Քուվեյթի եւ Շոտլանդիայի թիմերը: Վերջին շրջանում մարզել է Նիգերիայի ազգային հավաքականը, սակայն այս տարվա փետրվարին հրաժարական է ներկայացրել, երբ Նիգերիայի թիմը Աֆրիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում պարտվել է Գանայի թիմին:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի խոսնակը հայտնել է, որ Բերթի Ֆոգսթը այս շաբաթ կստորագրի ազգային հավաքականի ղեկավարումը երկու տարով ստաձնելու պայմանագիր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG