Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի երեք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ջնջումներով, կեղծված փաստաթղթեր:

Սահմանադրական դատարանը գլխավոր դատախազություն էր ուղարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ներկայացրած քաղվածքները թիվ 33/04, 33/21, 33/22 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնց թվային տվյալները տարբերվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված՝ նույն ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքների ամփոփ արձանագրությունների թվային տվյալներից։ Սահմանադրական դատարանից ստացված նյութերը վերահսկողությամբ ուղարկվել են Շիրակի մարզի դատախազություն:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն, Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ մարզի Թորոս գյուղն ընդգրկող թիվ 33/22, Սիզավետ գյուղն ընդգրկող թիվ 33/03 եւ Գոգհովիտ գյուղն ընդգրկող թիվ 33/24 ընտրատեղամասերի համարները քվեարկության արդյունքների արձանագրությունների քաղվածքներում կեղծվել են` թիվ 33/22-ի 22-ը փոխարինվել է 21-ով, թիվ 33/03-ի 3-ը` 4-ով, իսկ թիվ 33/24-ի 24-ը` 22-ով: Արդյունքում, ի հայտ է եկել ակնհայտ անհամապատասխանություն քաղվածքների եւ ամփոփիչ արձանագրությունների թվային տվյալների միջեւ:

Նշված ընտրատեղամասերում Տեր-Պետրոսյանի վստահված անձինք բացատրություններ տալով նշել են, թե քաղվածքներն առանց ջնջումների եւ տեղամասերի համարները փոխելու հանձնել են թեկնածուի Աշոցքի տարածքի նախընտրական շտաբի պետ Արարատ Զորօղլյանին։ Վերջինս բացակայում է բնակության վայրից:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կեղծիք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:


(Լուսանկարը` դատախազության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG