Մատչելիության հղումներ

«Ղարաբաղը դեռ երկար տարիներ կլինի գլոբալ եւ խիստ վտանգավոր հակամարտության էպիկենտրոնում»


«Բակո Սահակյանի նուրբ խաղը» վերնագրի ներքո «Ռոսիյսկայա գազետա»-֊ն գրում է, որ Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելը հրահրել է չճանաչված հանրապետությունների ղեկավարների ակտիվ գործողությունները:

Ռուսաստանի Պետական դումայում տեղի են ունեցել լսումներ «սառեցված հակամարտությունների» թեմայով: Սակայն Լեռնային Ղարաբաղը այդ գործընթացների մեջ ներքաշված չէ:

Ստեփանակերտը, թերթի մեկնաբանությամբ, զգուշավորություն է ցուցաբերում: ԵԱՀԿ-֊ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի հետ Երեւանում վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախագահը նրբորեն ակնարկել է. - «Եթե Կոսովոյի անկախությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ապա մենք միայն ուրախ կլինենք»:

Թերթը նշում է, որ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Կոսովոյի վերաբերյալ ասել է. - «Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ չի հանդիսանում: Բայց եւ Կոսովոյից ստացվել է դրական ազդանշան Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում»:

«Ռոսիյսկայա գազետա»-֊ն գրում է, թե այդ կապակցությամբ մի ֆրանսիացի քաղաքագետ այսպիսի մեկնաբանություն է արել. - «Երեւանը եւ Ստեփանակերտը եկեղեցին վերադարձնում են քաղաքի կենտրոն»:

Թերթի փոխանցմամբ, Կոսովոյի նախադեպը եւ իրադարձությունները, որոնք կարող են դրան հաջորդել, Երեւանին, Ստեփանակերտին եւ Բաքվին ստիպում են պատրաստ լինել ամենաանսպասելի սցենարի:

«Տեսականորեն չի կարելի բացառել, որ Հայաստանը կարող է պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այդ դեպքում Երեւանը առավելագույն ջանքերը կգործադրի միջազգային ասպարեզում եւս մի քանի երկրի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը կայացնելու համար: Եվ միայն դրանից հետո Հայաստանն ու ԼՂՀ-ն՝ որպես իրավահավասար կողմեր կարող են սկսել բանակցություններ հնարավոր միավորման շուրջ», - գրում է ռուսաստանյան թերթը: - «Կա նաեւ մեկ այլ տարբերակ. Ադրբեջանը կորոշի մարտական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ: Այդ դեպքում իրավիճակը Հարավային Կովկասում կթեւակոխի անկանխատեսելի հետեւանքներով կոշտ ճգնաժամի փուլ»:

«Ինչ էլ պատահի, կարելի է համոզված ասել, որ Ղարաբաղը դեռ երկար տարիներ կլինի գլոբալ եւ խիստ վտանգավոր հակամարտության էպիկենտրոնում», - գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG