Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընդունել է, որ մարտի 1-ին ոստիկանության «Վիլիս» մակնիշի մեքենան ցուցարարներին վրաերթի չի ենթարկել: Այս մասին նա այսօր հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին:

Անահիտ Բախշյանը բաց նամակ էր հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` կից ներկայացնելով մի տեսասկավառակ, որը, ըստ «Ժառանգության», հիմնավորում էր, որ մարտի 1-ին ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, դատախազը օրենքով սահմանված կարգով նամակին ընթացք է տվել, այն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն` քննարկման եւ ստուգման: Դրա շրջանակներում պատգամավոր Անահիտ Բախշյանը վկայի կարգավիճակով երեկ հարցաքննության է հրավիրվել հատուկ քննչական ծառայություն: Հարցաքննության ժամանակ պատգամավորի փաստաբանի ներկայությամբ հետազոտվել է «Ժառանգության» կողմից ներկայացված տեսասկավառակը, եւ Անհաիտ Բախշյանը ընդունել է, որ իրականում վրաերթ տեղի չի ունեցել:

«Ժողովրդի մեջ գնաց մեծ արագությամբ, բայց որեւէ մեկը չի տուժել՝ դա ես իմ աչքով տեսա: Հասարակությունը կարող է հանգիստ լինել՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ իսկապես վրաերթ չի եղել», - հավաստիացրեց պատգամավորը:

Մարտի 1-ին Երեւանում լուրեր էին տարածվել, թե ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել առնվազն երկու ցուցարարի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

«Իսկ այն երկու մարդը, որոնց մասին ասում են, թե տարվել են հիվանդանոց՝ կինը ուրիշ պատճառով է գիտակցությունը կորցրել, իսկ տղամարդու մասին ասացին, թե այն հասցեն, որը տվել էին, այնտեղ այդպիսի մարդ չի եղել», - հայտնել է Բախշյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ ոստիկանության մեքենան շարժվել ժողովրդի ուղղությամբ, նա ասաց. - «Ժողովուրդը քաղաքապետարանի մոտ հարձակվում էր ոստիկանների վրա եւ ծեծում նրանց, եւ ոստիկանները ինքնապաշտպանության նպատակով նստել են մեքենաները եւ քշել: Ուղղակի ինչո՞ւ հենց այդ ուղղղությամբ, արդյոք ուրիշ ճանապարհ չկա՞ր՝ ես չեմ կարողանում կողմնորոշվել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG