Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագիրը, ներկա զարգացումները դիտարկելով, գնահատել է. - «Այս պահին բոլորս ականատես ենք, որ իշխանությունը գնում է ռեպրեսիվ ճանապարհով, եւ այդ բռնաճնշումները չեն զուգակցվում որեւէ լուրջ քաղաքական քայլերով։ Սեփական «հաճախորդների» հետ կոալիցիա կազմելը դժվար է նման քայլերի շարքին դասել։ Ավելին, իշխանությունը առայժմ կամա թե ակամա ամեն ինչ անում է հասարակության մեջ առկա արմատական տրամադրությունները պահպանելու եւ ավելացնելու համար… Ձեռնարկում է քայլեր, որոնք բողոքական, հակաիշխանական դիրքորոշում են ձեւավորում այն հազարավոր մարդկանց մոտ, որոնք, ըստ էության, հեռու են քաղաքականությունից»։ «Նպատակը պարզ է՝ վախեցնելը, ահաբեկելը», - պնդել է խմբագիրն ու բխեցրել. - «Բայց արդյունքը հակառակն է ստացվում՝ հակաիշխանական շարժումը դառնում է ոչ թե քաղաքական, այլ հասարակական, եւ Տեր-Պետրոսյանն իր ակտիվիստների հետ նահանջում է երկրորդ պլան»։

ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ժամանակ-Երեւան» թերթի հարցազրույցում հետընտրական զարգացումները գնահատելով, ընդգծել է. - «Այսօր ինչ-որ վերլուծություններ են անում, թե մարդկանց վրա ներազդել են տարբեր «տեխնոլոգիաներ» կիրառելով, բայց իրականում այդ հանրահավաքները հետեւանք էին իշխանությունների կիրառած տեխնոլոգիաների՝ ընտրությունների ժամանակ իրականացրած կեղծիքների եւ բռնությունների։ Իշխանությունները պետք է հասկանան, որ մարդիկ վիրավորված, վրդովված են եւ այստեղ խնդիրը անձերը չեն»։ «Դա է պատճառը, որ շատ ակցիաներ ուղղակի ինքնաբուխ են եղել», - ասել է ՀԺԿ-ի ղեկավարն ու նկատել. - «Իրավիճակը պայթյունավտանգ է, եւ իշխանությունը պետք է գործնական քայլեր անի, որպեսզի մեղմացնի այդ լարվածությունը, ոչ թե շարունակի այդ ռեպրեսիվ մեթոդները»։ Որպես լարվածության մեղմացման ու ճգնաժամի հաղթահարման միջոց ՀԺԿ-ի առաջնորդն առաջարկել է «նոր, արդար ընտրությունների» անցկացումը։

«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի համոզմամբ` «իշխանությունից դժգոհ քաղաքացիները Սերժ Սարգսյանի մրցակիցների մեջ չէին տեսնում իրենց դժգոհության արտահայտիչներին». - «Քաղաքական ասպարեզում ներկայումս չկա կերպար, որը կհամապատասխաներ դժգոհների միջին պահանջներին եւ ի վիճակի կլիներ, հենվելով հասարակական լայն աջակցության վրա, իրապես դիմակայել իշխանությանը»։ «Ինչո՞ւ ընդդիմությունը հայտնվեց նման վիճակում», - հարցրել է խմբագիրն ու պարզաբանել. - «Ներկայումս գոյություն ունեցող ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկն ի վիճակի չէ լուրջ ճնշում կազմակերպել նախագահի, կառավարության կամ խորհրդարանի նկատմամբ՝ հասարակական կարեւորություն ունեցող եւ ոչ մի հարցում։ Նրանք դա չեն կարող անել նաեւ համատեղ, քանզի ներկայացնում են իրենցից քաղաքական տարբեր խտության «նյութեր», ուստիեւ երբեք չեն ձուլվում միատարր ինչ-որ զանգվածի»։

Արձագանքելով ապրիլի 9-ին «Ազատության» հրապարակում զորահանդես անցկացնելու վերաբերյալ իշխանությունների որոշմանը` «Հայք»-ի խմբագրականը դիտարկել է. - «Ակնհայտ է, որ այն անցակցվում է բացառապես մեկ նպատակով. Սերժ Սարգսյանը լուրջ մտավախություն ունի, որ այդ օրը փողոց դուրս կգան տասնյակ հազարավոր մարդիկ՝ իրենց վերաբերմունքը հայտնելու փետրվարի 19-ին տեղի ունեցած, այսպես կոչված, ընտրությունների, մարտի 1-ի սպանդի, դրան հաջորդած ձերբակալությունների, քաղաքական գործիչների եւ ժողովրդի հանդեպ շարունակվող հաշվեհարդարի առնչությամբ»։ «Ժողովուրդը չի մոռացել, որ 2003-ին Ռոբերտ Քոչարյանը երդվեց փշալարերով ժողովրդից պատսպարված։ Այժմ փշալարեր նախատեսված չեն, նախատեսված են միայն ինքնաձիգներ ու երեւի դուբինկաներ»։ «Այնպես որ, միջազգային հանրությունը հանգիստ այս արարողությունը կարող է գնահատել մեկ քայլ առաջ 2003-ի ընտրություններից», - եզրափակել է թերթը։

Փորձելով պարզել երկրում առկա դժգոհության արմատները` «168 ժամ» թերթի մեկնաբանը պնդել է. - «Երկրում, առաջին հերթին, արդարության եւ ինտելեկտի դեֆիցիտ կա։ Ինտելեկտի պարագայում ամեն ինչ պարզ է՝ եթե որեւէ պետության մեջ առկա է սափրագլուխների եւ 8-ամյա կրթությամբ ղեկավարների ավելցուկ [պրոֆիցիտ], ապա, բնական է, որ նման երկրում ինտելեկտը չի կարող տեղի ունենալ»։ «Խորհրդային միության տարիներին դեֆիցիտ համարվող ապրանքները կարելի էր գերավճարով եւ «տակից» ձեռքբերել, այն էլ՝ հատուկ խանութներից», - հիշեցրել է մեկնաբանն ու հավելել. - «Ցավալին այն է, որ այսօր անկախ Հայաստանում ինտելեկտը նույնիսկ «տակից» չես կարող ձեռքբերել։ Իսկ դա մի բան կարող է նշանակել, որ այն գոյություն չունի, վերացել է, կամ բոլորովին այլ տեղում է, որովհետեւ պահանջարկ չունի»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG