Մատչելիության հղումներ

logo-print

Երեկ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին ազատ են արձակել


Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին, որ երեկ Հյուսիսային պողոտայից բերման ենթարկված 46 քաղաքացիներին, զրուցելուց հետո, ազատ են արձակել: Որեւէ մեկին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայց չի ներկայացվել:

Բերման ենթարկվածներին նախ տարել են ոստիկանության Կենտրոն համայնքի բաժին, լուսանկարել են, վերցրել են մատնահետքերը, ապա բաշխել են ոստիկանության բաժիններով` ըստ բնակության վայրի:

Բերման ենթարկվածներից Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ լուսանկարելիս եւ մատնահետքերը վերցնելիս իրավապահները որեւէ բացատրություն, պարզաբանում չեն տվել:

Բերման ենթարկվածների թվում է եղել նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որեւէ պարզաբանում տվել են իրեն բերման ենթարկելու կապակցությամբ, Սարգսյանը պատասխանեց. - «Բացարձակ… Ոչ մի բացատրություն չտվեցին, ոչ մի արձանագրություն չկազմեցին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG