Մատչելիության հղումներ

Բուշը եւ Պուտինը Սոչիում կքննարկեն հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ծրագիրը


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ ապրիլի սկզբին Սոչիում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու Միացյալ Նահանգների ծրագիրը:

ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին ասել է, թե լավատես է ռուսաստանցի գործընկերոջ հետ համաձայնության հասնելու հնարավորության հարցում:

Բուշը Սոչի կժամանի Պուտինի հրավերով` Ուկրաինա, Ռումինիա եւ Խորվաթիա կատարելիք այցերից հետո: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ԱՄՆ-ի նախագահը մասնակցելու է ապրիլի 2-4-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Սոչիում նախագահների հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին:

Պաշտոնական Մոսկվան ընդդիմանում է հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ծրագրին` դա համարելով սպառնալիք իր անվտանգությանը: Միացյալ Նահանգները, սակայն, պնդում է, որ ստեղծվելիք համակարգը ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ եւ նպատակ ունի պաշտպանվել Իրանից եւ նման այլ երկրներից բխող վտանգից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG