Մատչելիության հղումներ

Հյուսիսային պողոտայից երեկ բերման են ենթարկվել տասնյակ մարդիկ


Հյուսիսային պողոտայում երեկ ծառայություն իրականացնող ոստիկանների թիվն անհամեմատ մեծ էր, քան զբոսանքի դուրս եկած մարդկանց: Ժամը 18:00-ից սկսած ոստիկանները սկսեցին բերման ենթարկել պողոտայով անցնող տարբեր տարիքի մարդկանց, այդ թվում կանանց: Բերման ենթարկվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Ըստ ականատեսների` պարզապես մոտենում էին եւ առանց որեւէ բան ասելու թեւանցուկ անում, նստեցնում ոստիկանության մեքենան: Ընդդիմացողների նկատմամբ ուժ էին գործադրում:

Մի կին, որին փորձում էին բերման ենթարկել, ձեռնափայտով էր եւ փորձում էր հասկացնել ոստիկաններին, որ ինքը հաշմանդամ է. - «Ես դեղեր պետք է խմեմ: Ասեք, վաղը կգամ... Ես ոչ մի հակահասարակական արարք չեմ արել»:

Ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտյոմ Բաբայանի խոսքով` ոստիկանները «իրենց աշխատանքն են կատարում»:

«Մենք էլ մեր աշխատանքն ենք կատարում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Հնարավո՞ր է, որ այս փողոցում լինի հանցագործ, որը գտնվում է հետախուզման մեջ... Հնարավո՞ր է այս պայմաններում դա ճշտել... Անհնարին է, չէ՞: Դրա համար կան համապատասխան բաժիններ, տեղեր, կանոնակարգված աշխատանք»:

Հարցին, թե ինչու է են հենց Հյուսիսային պողոտայում որոնում կարգազանցներին, Բաբայանը արձագանքեց. - «Իսկ ինչո՞ւ ոչ: Մենք ունենք նման տեղեկություններ, որ նման կարգի մարդիկ միգուցե այստեղ հանցագործություն կատարեն»:

Հյուսիսային պողոտա այցելեցին նաեւ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, նման քայլերով իշխանություններն ավելի են սրում իրավիճակը:

Ավելի ուշ Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընդհանուր առմամբ բերման ենթարկվածների թիվը անցել է չորս տասնյակից. նրանցից շատերը որոշ ժամանակ անց ազատ են արձակվել:

Բերման ենթարկվածների թվում է եղել նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ում նույնպես ավելի ուշ ազատ են արձակել:


Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG