Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ամեն ինչ գին ունի» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագրականը, պնդելով, որ դիկտատուրա հաստատելու համար Հայաստանը ռեսուրսներ չունի, թվարկել է. - «Այստեղ չկան անհրաժեշտ քանակությամբ բնական հարստությունները, գլխավորապես սպառողական բնույթի ու խարխուլ տնտեսությունը հեծում է մենատերերի ձեռքում, ինչի հետեւանքով լայն սպառման ապրանքների գներն արդեն անցնում են բոլոր երեւակայելի սահմանները, հարեւանների հետ հարաբերությունները կիսապատերազմական են, միջազգային վերաբերմունքը, հատկապես, վերջին իրադարձություններից հետո, մեղմ ասած, տագնապեցնող է»։ «Իսկ ինչ վերաբերվում է հասարակության համակերպվածությանը, ապա այդ մասին, թերեւս, ավելորդ է խոսելը», - նկատել է խմբագիրն ու «բնական հարց» տվել. - «Ուրեմն ինչի՞ վրա է հույսը դրել Հայաստանում գործող ռեժիմը՝ վերջին 17 տարիների կտրվածքով աննախադեպորեն սահմանափակելով մարդկանց քաղաքացիական ազատությունները ու իր համար անցանկալի քաղաքացիներին բանտերը լցնելով»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, հակադարձելով հայաստանյան պաշտոնյաների այն պնդումներին, թե ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» ծրագրի դադարեցման դեպքում երկիրը այդ ծրագիրը ներքին ռեսուրսների հաշվին կարող է իրականացնել, դիտարկել է. - «Եթե կարողանում ենք ամեն ինչ անել ներքին ռեսուրսների հաշվին, ապա ինչո՞ւ ենք օրենսդրորեն խթանում, օրինակ, օտարերկրյա ներդրումները»։ «Իհարկե, տեսականորեն, կարող ենք ամեն ինչ անել ներքին ռեսուրսների հաշվին», - գրել է մեկնաբանն ու մասնավորեցրել. - «Օրինակ, Հյուսիսային Կորեան էլ է այդպես ուզում անել։ Ճիշտ է, ներքին ռեսուրսները եւ այլ երկրներից ստացվող հումանիտար ողորմությունը միասին ընդամենը բավարարում է, որպեսզի այդ երկրի բնակիչները օրական մի քանի բուռ բրինձ ստանան, բայց ոչ ոք չի կարող ասել, թե Հյուսիսային Կորեան չի ապրում իր ներքին ռեսուրսների հաշվին»։

Պնդելով, որ վարչապետ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում Հայաստանի նորընտիր նախագահի հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի միջոցով Ռուսաստանի ղեկավարությունը հետապնդում էր միանգամից մի քանի խնդիրներ` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը թվարկել է. - «Առաջին՝ վերջնականապես ցրել Հայաստանում ամիսներ շարունակ ծավալված նախընտրական պայքարի հանդեպ Ռուսաստանի ղեկավարության կողմից երբեմն որդեգրված «դիվանագիտական կեցվածքից» ծնված բոլոր անհիմն պատրանքները, ամենքին հասկացնել, որ Հայաստանի նախագահի ընտրություններում հաղթել է հենց այն թեկնածուն, որի հետ ցանկանում է աշխատել Ռուսաստանը։ Երկրորդ՝ Հայաստանի նորընտիր նախագահին քաղաքական աջակցություն ցույց տալու միջոցով հնարավորինս նվազեցնել դաշնակից երկրի վրա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ այլ բնույթի ճնշումների գործադրման հավանականությունը»։

«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանի համոզմամբ, «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքականության միջոցով իշխանություններին ստիպեց, որ թեկուզ ձեւական, որ թեկուզ հասարակության շատ չնչին մասին ներգրավող, բայց այնուամենայնիվ կոալիցիա ձեւավորվի, ոչ թե միահեծան «Հանրապետական» իշխանություն»։ «Իսկ այն, որ իշխանական պլանները հենց այդպիսին էին՝ վկայում էին նախընտրական հայտարարությունները, որոնցով Սերժ Սարգսյանին վերագրում էին մինչեւ 70 տոկոս ձայն, ինչը ուղիղ այնքան է, ինչքան քառակողմ կոալիցիային է վերագրվում պաշտոնապես», - գրել է մեկնաբանը։

«Հայք» թերթի մեկնաբանը «Ինչու է Սերժ Սարգսյանին կոալիցիան պետք կամ կարելի՞ է արդյոք ձեւավորված քաղաքական միությունը կոալիցիա համարել» հարցերին ի պատասխան, շեշտադրել է. - «Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի եւ կարող է ցանկացած որոշում անցկացնել՝ առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Քաղաքական մյուս ուժերին նրանք կարծես ասում են. «Տեսնո՞ւմ եք, մենք ձեր կարիքը չունենք, բայց ձեզ լավություն ենք անում, կառավարությունում պաշտոններ ենք առաջարկում»։ «Սրանով էլ», - ըստ մեկնաբանի, - «հայկական կոալիցիան տարբերվում է եվրոպական երկրներում ձեւավորվող կոալիցիաներից, այն ոչ թե քաղաքական անհրաժեշտություն է, այլ քաղաքական վարագույր»։

«Մյուս կուսակցությունները Սերժ Սարգսյանին պետք են միայն հայ հասարակության եւ միջազգային հանրության աչքին թոզ փչելու, ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացները մեղմելու համար», - եզրափակել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG