Մատչելիության հղումներ

Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանը կայուն կերպով երկրորդ տեղում է աշխարհում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` Ստեպաշինը վերահսկիչ-հաշվիչ մարմինների ընկերակցության համաժողովում ունեցած ելույթում հայտնել է, որ վերջին 8 տարիներին երկրում դոլարային միլիարդատերերի թիվը մի քանի մարդուց հասել է ավելի քան հարյուրի:

Միաժամանակ, Հաշվիչ պալատի նախագահը շեշտել է, որ միլիարդատերերի նման թիվը չի համապատասխանում երկրի տնտեսության մասշտաբին եւ զարգացման մակարդակին: Նա այդ փաստը համարել է լուրջ պոտենցիալ վտանգ, որը պահանջում է պետության մեծ ուշադրությունը:

«Քաղաքացիների եկամուտների մակարդակների միջեւ խզումը ոչ միայն չի կրճատվում, այլեւ շարունակում է աճել, հասնելով կրիտիկական մակարդակի», - ասել է Ստեպաշինը:

Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով` 2006 թվականին ռուսաստանցիների ամենահարուստ 10 տոկոսի եկամուտները 15,3 անգամ գերազանցել են ամենաաղքատ 10 տոկոսի եկամուտները, մինչդեռ 2000-ին այդ ցուցանիշը եղել է 13,9: Իսկ Մոսկվայում, քաղաքային վիճակագրական ծառայության տվյալներով, այդ ցուցանիշը 2006-ին եղել է 41:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG