Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանում արդեն օրենքներով են ոտնահարվում մարդու իրավունքները»


«Հայաստանում դարձել է բացասական ավանդույթ, երբ արդեն օրենքներով են ոտնահարվում մարդու իրավունքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանը, ով երեկ երեկոյան խմբակցության երկու այլ պատգամավորների` Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի հետ այցելել էր ոստիկանության Կենտրոնի բաժին` պարզելու Ազատության հրապարակին հարող Հյուսիսային պողոտայից բերման ենթարկված քաղաքացիների ստույգ թիվը եւ նրանց հետագա ճակատագիրը, ընդգծեց, որ զանգվածային միջոցառումների մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունները ոստիկանությանը հնարավորություն են տալիս հանդես գալ «վերին աստիճանի կամայական մեկնաբանությամբ»:

«Այսինքն, մենք տվյալ դեպքում ունենք մի օրենք, որը պարզապես կամայականությունը խրախուսում է: Եվ մենք պետք է խոսենք` ոչ թե օրենքով է դա արվել, թե ոչ, այլ արդյոք այդպիսի օրենքով ոտնահարվում են մարդու իրավունքները: Եվ ես այդ հարցին կպատասխանեմ` այո», - ընդգծեց նախկին օմբուդսմենը:

Լարիսա Ալավերդյանը նշեց նաեւ, որ իր ստացած «շատ աղոտ» տեղեկություններով` այդ երեկոյան բերման է ենթարկվել 3-4 մարդ:

Պատգամավորը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալի միջոցով փոխանցեց ոստիկանապետին, որ սպասում է ներքեւում, սակայն շուրջ մեկ ժամ սպասելուց հետո ոչ մի պատասխան չստացավ:

Ավելի վաղ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ երեքշաբթի երեկոյան Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել առնվազն 6 մարդ:

Երեւանի Արաբկիր համայնքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե քաղաքացիներին ոստիկանության բաժանմունք են տարել «որոշ հարցեր ճշտելու համար»:

Երկուշաբթի օրը նույն վայրից ոստիկանները բերման էին ենթարկել երկու քաղաքացու, որոնց նույն օրը ազատ էին արձակել:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG