Մատչելիության հղումներ

Այսօր լրացավ Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարին:

Տարելիցի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն:

Պանթեոն էին եկել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պանթեոն եկան միասին, ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրմին:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կատարած հոգեհանգստյան կարգից հետո բարձրաստիճան պաշտոնյաները հեռացան:

Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե լիներ Անդրանիկ Մարգարյանը, նրա ներկայությունը ստեղծված լարված իրավիճակում կարող էր որոշ հավասարակշռություն բերել:

«Նա հավասարակշռող որոշակի ֆունկցիա էր իր վրա վերցրել եւ ինչ-որ չափով բուֆերի ֆունկցիա էր իրականացնում, որը հնարավորություն էր տալիս ավելի ակտիվ, ավելի նորմալ աշխատանքներ կազմակերպելու: Ես կասեի, որ փայլուն կետ էր մեր իրականության մեջ, հայ մարդու տեսակ», - ասաց Կարապետյանը:

Իսկ հարցին` արդյոք քաղաքական ուժերի միջեւ բանակցությունները շարունակվում են, Հանրապետականի խմբակցության ղեկավարն արձագանքեց. - «Այն քաղաքական ուժերը, որոնք ցանկություն կունենան մասնակցելու այդ գործընթացին, մենք դեմ չենք: Առանց որեւէ նախապայմանների: Մենք մերժողական քաղաքականություն չունենք որեւէ քաղաքական ուժի նկատմամբ: Մասնակցություն չեն ունենում, հաջորդ ընտրություններին ասում են` քանի որ մենք մասնակցություն չունեցանք, երկիրը լավ չզարգացավ: Եթե կա այդ պոտենցիալը, էներգիան եւ ծրագրերը` միասին աշխատենք: Վերջին հաշվով, երկիրը մերն է, բոլորինս է, եւ ժողովուրդն էլ մերն է, բոլորինս է»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG