Մատչելիության հղումներ

Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը լոնդոնյան «Թայմս» թերթին տված հարցազրույցում պնդել է, թե հասարակությունում ստեղծված պառակտման պատճառն ինքը չէ:

«Չեմ կարծում, թե ես այն մարդն եմ, որին պետք է մեղադրել այս պառակտման համար», - ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով, թե որպես նախագահ բարեփոխումներ է իրականացնելու ճգնաժամը հաղթահարելու համար, «տքնաջան աշխատելով եւ շահելով հասարակության վստահությունը»:

«Որեւէ արտառոց բան չի պատահել: Հանրության շրջանում որոշ լարվածություն կա, բայց, կարծում եմ, 20-օրյա արտակարգ դրությունը շատ օգտակար էր», - կարծիք է հայտնել նորընտիր նախագահը:

Ըստ բրիտանացի լրագրողի՝ Սերժ Սարգսյանը պնդել է, որ օրինական է ընտրվել, եւ մեղադրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին բողոքի փողոցային ցույցերի միջոցով իշխանությունը զավթելու փորձի մեջ:

«Գլխավոր կազմակերպիչները հրապարակավ հայտարարել են, որ մարտի 1-ը քաղաքացիական պատերազմի օր էր», - ասել է վարչապետը:

Միաժամանակ, «Թայմս»-֊ը մեջբերել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին, որը կարծիք է հայտնել. - «Այժմ ռեժիմի նկատմամբ ատելություն է տածում հասարակության մեծամասնությունը՝ նույնիսկ նրանք, ովքեր մեր օգտին չեն քվեարկել: Ուստի նրանց համար կառավարելը չափազանց դժվար է լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG