Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կիսեց ընտրությունները»


Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը «Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կիսեց ընտրությունները» վերնագրի ներքո անդրադարձել է Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումներին:

«Երբ ընտրյալ նախագահը հանդիպում է գործողի հետ, առաջինի մոտ պետք է լինի ներքին դիսկոմֆորտ: Գիտես, որ ընտրվել ես, որ անպայման կլինի պաշտոնակալության արարողությունը, բայց գործը դեռ չի արվել, եւ որդը կրծում է. չէ՞ որ դա դեռ տեղի չի ունեցել», - գրում է թերթը եւ հավելում. - «Երբ երկու ընտրյալ նախագահներ են հանդիպում, նրանց միջեւ անմիջապես ծագում է հոգեւոր հարազատություն, որովհետեւ նրանք հավասար կարգավիճակում են»:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այդպիսի հանդիպում էլ տեղի է ունեցել երեկ Մոսկվայում. - «Դատելով Դմիտրի Մեդվեդեւի տեսքից` նա շատ է ուզում աշխատել, իսկ Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը շատ հոգնած մարդ է. աչքերի տակ սեւ բծեր եւ հայացքում նկատելի ցավ, որի ծագումը դեռ հայտնի չէ` գուցե դա ցավ է ժողովրդի դժվարին ճակատագրի համար, կամ պարզապես ցավ, որի առիթով այցելում են բժշկին»:

«Ինչ-որ բան նրա մոտ հաստատ ցավում է, չի կարելի բացառել, որ սիրտը՝ Երեւանում հանրահավաքը ցրելու հրամանից հետո», - գրել է «Կոմերսանտ»-ի մեկնաբան Անդրեյ Կոլեսնիկովը:

Մեդվեդեւի հետ հանդիպումից մեկ ժամ անց Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ եւ, «Կոմերսանտ»-ի մեկնաբանի փոխանցմամբ, շնորհակալություն է հայտնել նրան այն ամենի համար, ինչ Պուտինն արել է իր հաղթանակի համար:

«Մենք միշտ գնահատել ենք ձեր օգնությունը նախընտրական շրջանում: Եվ կարող եմ ասել, որ մինչ այդ երբեւէ չենք զգացել այդպիսի միանշանակ մոտեցում», - ասել է Սարգսյանը:

Մեկնաբան Կոլեսնիկովի կարծիքով, «Պուտինին դժվար թե ուրախացրել է այդ անկեղծ խոստովանությունը. արդյոք նրան պե՞տք է, որ իր դերը նախընտրական գործընթացներում դառնա այդքան բացահայտ»:

«Մյուս կողմից, Սերժ Սարգսյանին էլ կարելի է հասկանալ. Հայաստանի ընտրյալ նախագահը, հավանաբար, ցանկանում էր իր վրայից հանել իր ժողովրդի ընտրության համար պատասխանատվության գոնե մի մասը», - գրում է «Կոմերսանտ»-ի մեկնաբանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG