Մատչելիության հղումներ

Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նույնպես հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան բարեկամության եւ ռազմավարական համագործակցության ու գործընկերության ոգով եւ իրենց տրամաբանական շարունակությունը կունենան այն ամուր հիմքի վրա, որը դրվել է Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Այդ ամենի երաշխիքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, երկու պետությունների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակն է, սերտ կապերն ու հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Իբրեւ նորընտիր նախագահ, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ եւս վարելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու քաղաքականություն:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը անդրադարձել են նաեւ Հայաստանի ետընտրական զարգացումներին: Հայաստանի նորընտիր նախագահը ներկայացրել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները վճռական են եւ ամեն ինչ անելու են երկրում կայունության հաստատման ու հասարակության համախմբման, հանդուրժողականության մթնոլորտի արմատավորման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ռուսական քաղաքական, ռազմատնտեսական եւ այլ ոլորտներում հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վլադիմիր Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացը:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահի կողմից Հայաստանում ներքաղաքական խնդիրներն արագորեն կլուծվեն եւ մեկ անգամ եւս Ռուսաստանի իշխանությունների կողմից աջակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին` երկրում կայունության հաստատման եւ առկա դժվարությունների հաղթահարման գործում:

Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG