Մատչելիության հղումներ

Արտգործնախարարության նախկին աշխատակիցները դատական կարգով բողոքարկում են աշխատանքից ազատելու հրամանները


Հայաստանի արտգործնախարարության 4 աշխատակիցներ այսօր դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը արտգործնախարարության դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան:

Փետրվարի 24-֊ին նախկին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքում ընթերցվել է նրանց հայտարարությունը, որում ասված էր. - «Մենք վրդովմունք ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների կապակցությամբ, որոնք ստվեր են նետում հանրապետության քաղաքակիրթ, ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու մեր երկրի եւ հասարակության կամքի վրա: Որպես Հայաստանի քաղաքացիներ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ»:

Արտ•ործնախարարությունը գտել է, որ սա քաղաքական գործունեություն ծավալելու փորձ է, ինչն արգելվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով:

Արտգործնախարարության նախկին աշխատակիցների շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը համոզված է, որ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանները անօրինական են: «Ազատություն» ռադիոկայանին նա հայտնեց, որ իր պաշտպանյալները պահանջում են աշխատանքի վերականգնում եւ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար փոխհատուցում:

«Ես քաղաքական հայտարարություն չեմ արել»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

Մինչդեռ նույն վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը հայտնեց, որ աշխատանքից ազատման հրամաններն արձակվել են իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG