Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի դիտարկմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանը, «սրելով իրավիճակն ու գործը բացահայտորեն տանելով բախման, հաշվարկը կառուցում էր «կաղ բադիկի» էֆեկտի վրա»: «Այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, «կաղ բադիկ» նախագահի ֆենոմենը նշանակում է ե՛ւ համակարգի, ե՛ւ հասարակության կայունությանը սպառնացող վտանգ, քանզի չկան մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն հավասարակշռությունը նավապետի կամրջակում հերթափոխի ժամանակ», - բացատրել է խմբագիրն ու բխեցրել. - «Բայց, ինչպես ասում են, պետք չէ բոլորին սեփական արշինով չափել։ Ռոբերտ Քոչարյանը չվերածվեց «կաղ բադիկի», վճռորոշ պահին իր վրա վերցրեց պատասխանատվությունը, պահպանեց եւ շարունակում է պահպանել երկրի նորմալ կառավարումը եւ թույլ չտվեց, որ քաոսային վիճակ ստեղծվի»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Իրավունք» թերթի հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ո՞րն է համակարգային ճգնաժամից դուրս գալու ելքը, ընդգծել է. - «Իշխանությունները պետք է հասկանան՝ կոսմետիկ լուծումների համար ժամանակն ու հնարավորությունները սպառվել են, եւ պետք է գնալ քաղաքական լրջագույն լուծումների ճանապարհով։ Ասենք` նոր ընտրություններ, եւ ոչ միայն պառլամետական, այլեւ՝ նախագահական։ Ճիշտ է, Հայաստանը Վրաստան չէ, բայց նույնիսկ Վրաստանում նախագահ Սահակաշվիլին հարկադրված եղավ շատ լուրջ քայլի դիմել՝ հրաժարական տալ եւ նախագահի նոր ընտրություններ անցկացնել։ Չաներ այդ քայլը՝ ամեն ինչ վերջացած էր, նույն ծուղակի մեջ տանկերով շրջապատված պիտի նստեր: Հիմա նույն խնդրի առջեւ Հայաստանի իշխանություններն են, եւ դժվար է հասկանալ, թե ինչի՞ վրա են հույսները դրել։ Բոլոր «հեքիաթները» վերջացել են, ոչ մի «հեքիաթ» չի աշխատում, միակ աշխատող լուծումը ռադիկալ փոփոխություններն են»։

«Իսկական իրավունքը» թերթի խմբագիրը, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրողությունները համադրելով, եզրակացրել է. - «Մրցակցությունը Հայաստանի շուրջ գնալով ուժգնանում է, միաժամանակ Սերժ Սարգսյանի ձեւավորելիք նոր իշխանությունը իր գործունեությունը սկսում է բարդ մարտահրավերների պայմաններում։ Փաստորեն, նորընտրիր նախագահը հարկադրված է միանգամից գործ ունենալ ե'ւ արտաքին, ե'ւ ներքին բավականին ուժգին ճնշումների հետ»։ «Ճիշտ հաշվարկված եւ բավարար վճռականությամբ իրականացրած քայլերի դեպքում, Հայաստանը շանս է ստանում արագացնել իր զարգացումը եւ շետակի բարձրացնել սեփական կշիռը, իսկ կոպիտ սխալները հղի են արագ գահավիժման սպառնալիքով», - զգուշացրել-ամփոփել է խմբագիրը։

Արտակարգ իրավիճակի ավարտին «Հայկական ժամանակ»-ը հետահայաց գնահատել է. - «Ամբողջ 20 օր իշխանությունն ինչ-որ տեղեկատվություն էր տարածում, որի ճշմարտացիության մեջ Սերժ Սարգսյանը ստիպված էր նույնիսկ իր նախարարներին համոզել»։ «Ամենահետաքրքիր պաշտոնական տեղեկատվությունը թերեւս այն էր, թե իրավապահները ոչ մի կրակոց չեն արձակել», - մասնավորեցրել է թերթն ու հիշեցրել. - «Այս հայտարարության հենց հաջորդ օրը Հայաստանով մեկ արդեն շրջանառվում էր հայտնի տեսաերիզը, որտեղ մի քանի համազգեստավորներ նշանառու կրակոցներով վազում են Մաշտոցի պողոտայի մայթով»։ «Բարեբախտաբար, հանրության ամենաակտիվ ու ազդեցիկ մասը, օգտվելով ինտերնետի ընձեռած հնարավորություններից, ստացել է նաեւ պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն եւ այսօր հստակ պատկերացնում է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ դրանից հետո», - հավելել է թերթը։

Թերթերի գրաքննության եւ պատասխանատվության խնդրին անդրադառնալով, «Առավոտ»-ի խմբագիրը նկատել է. - «Խնդիրն այն է, որ եթե մարդը ներկայանում է իր անունով եւ նրա ասածները ձայնագրվում ու ճշգրտորեն վերծանվում են, ապա միայն նա՛ է լիակատար պատասխանատվություն կրում իր խոսքերի համար»: «Ո՛չ «սեւ պլաշչով» գրաքննիչը, ո՛չ լրագրողը, ո՛չ թերթի խմբագիրը, ո’չ էլ հանրապետության նախագահը (առաջին, երկրորդ, երրորդ) իրավասություններ չունեն վճռելու՝ լուրը ճիշտ է, թե սուտ: Դա միմիայն դատարանի գործն է», - եզրակացրել է խմբագիրը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG