Մատչելիության հղումներ

Երեւանում այսօր տարերային երթ է տեղի ունեցել՝ Ազատության հրապարակի մերձակայքում հավաքված հարյուրավոր մարդիկ Հյուսիսային պողոտայով շարժվել են դեպի քաղաքապետարան, այնուհետեւ Մաշտոցի պողոտայով փորձել են վերադառնալ օպերային թատրոնի մոտ:

Ժամը 15-ի սահմաններում արդեն Օպերայի շենքը շրջապատված էր ոստիկանական մի քանի տասնյակ մեքենաներով եւ ոստիկանության զորքերով: Մահակներով եւ վահաններով զինված մարդիկ թույլ չէին տալիս մարդկանց մոտենալ Օպերայի տարածքին:

Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին մոմավառությանը մասնակցել ցանկացողները ասում էին, որ պարզապես ուզում են մոմ վառել եւ հեռանալ:

«Եթե արտակարգ իրավիճակը դուրս է եկել: Մենք էլ Սահմանադրույթան ոչ մի կետով խախտում չենք անում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մոմավառությանը մասնակցել ցանկացող միջին տարիքի մի կին:

Ոստիկանները, մինչդեռ, հակադարձում էին, թե մարդկանց կուտակումները կարող են վերածվել չարտոնված հանրահավաքի:

Հավաքված մի քանի տասնյակ կանայք, այդուհանդերձ, վառեցին մոմերը եւ ոստիկանների հորդորների ներքո, Օպերային տարածքից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա: Այստեղ հավաքված հարյուրավոր մարդիկ, մոտ մեկ ժամ կանգնելուց հետո, երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանին հարակից տարածքը, որտեղ նույնպես շատ էին ոստիկանության ներկայացուցիչները: Այստեղ եւս մոտ մեկ ժամ մնալուց հետո, մարդիկ փորձեցին Մաշտոցի պողոտայով բարձրանալ դեպի Ազատության հրապարակ:

Ոստիկանները արգելափակել էին Մաշտոցի պողոտան` հայտարարելով, թե երթն ատոնված չէ, եւ պահանջում էին ցրվել: Երթի մասնակիցները ստիպված են եղել օգտվել հարակից փողոցներից:

Միաժամանակ Ազատության հրապարակի շրջակայքում տեղի են ունեցել առանձին բախումներ հավաքվածների եւ ոստիկանների միջեւ: Մասնավորապես, ոստիկանները ծեծի են ենթարկել մի երիտասարդի:

Տուժածը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրեն հարվածներ են հասցրել էլեկտրաշոկով եւ միայն հավաքվածների ջանքերով հնարավոր է եղել փրկվել:

Քաղաքի որոշ մասերում կազմակերպվել է «կենդանի շղթա»՝ մարդիկ շարք են կազմել վառված մոմերով:

Երեկոյան Կենտրոն համայնքի ոստիկանություն է բերվել Օնիկ Հակոբյանը, որին ոստիկանները բռնել են Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ: Հայտնի չէ, թե ինչն է բերման ենթարկելու պատճառը: Ինքը` Հակոբյանը պնդեց, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել:

(Lուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG