Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «ՄԱԿ-ը հաստատեց սկզբունքները, որոնց վրա պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը»


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից անցած շաբաթավերջին ընդունված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը «լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ արտահայտում է բանակցային գործընթացի ոգին եւ էությունը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

Բանաձեւի ընդունումը գնահատելով որպես Ադրբեջանի «դիվանագիտական եւ քաղաքական հաղթանակ»` Ալիեւը ասել է. - «Եվս մեկ անգամ ՄԱԿ-ը` խոշորագույն եւ կարեւորագույն միջազգային կազմակերպությունը, հաստատեց այն սկզբունքները, որոնց հիման վրա Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի: Դրանք են` տարածքային ամբողջականությունը, փախստականների վերադարձը եւ հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Անդրադառնալով բանաձեւի քվեարկությանը` Ադրբեջանի նախագահը նորմալ է գնահատել Եվրամիության երկրների դիրքորոշումը, որոնք ձեռնպահ են քվեարկել, սակայն տարակուսանք է հայտնել Մինսկի խմբի համանախագահող երկրների` դեմ քվեարկելու կապակցությամբ. - «Ինչպես մեզ հայտնի է, ընդունվել է Եվրամիության երկրների համատեղ որոշում, որ նրանք պետք է ձեռնպահ մնան քվեարկության ժամանակ, եւ քանի որ Եվրամիությունը բարձր կարգապահությամբ կազմակերպություն է, այդպես էլ եղավ: Մեզ զարմացրեց այն երկրների դիրքորոշումը, որոնք դեմ քվեարկեցին, առավել եւս, որ այդ երկրների շարքում էին Մինսկի խմբի համանախագահողները` Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, որոնք հանդիսանում են հակամարտության կարգավորման միջնորդներ»:

«Այն բացատրությունները, որ քվեարկությունից հետո տվեցին այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները, դրական բնույթ ունեն: Համանախագահ երկրները հաստատեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրանք կրկին հայտարարեցին, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Սակայն մենք դա դիտարկում ենք որպես փորձ` վերացնելու տհաճ նստվածքը, որը, բնականաբար, մնացել է ադրբեջանցի ժողովրդի հոգում քվեարկության ժամանակ անհասկանալի եւ, կարծում եմ, չմտածված քայլի հետեւանքով», - հայտարարել է Ալիեւը` հավելելով. - «Կարծում եմ, որ որպես միջնորդներ` այդ երկրները պետք է ձեռնպահ մնային»:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, բանաձեւին Մինսկի խմբի համանախագահող երկրների դեմ քվեարկելը սասանեց հետագա բանակցային գործընթացի նկատմամբ վստահությունը. - «Ներկա իրավիճակում, ապագա բանակցային գործընթացը կախված կլինի բանակցային գործընթացում ներգրավված եւ միջնորդ երկրների միջեւ վստահության մակարդակից: Ասեմ, որ բանաձեւի դեմ քվեարկությունը չավելացրեց, այլ հակառակը` լրջորեն սասանեց այն»:

Իլհամ Ալիեւի խոսքերով, «բանակցային գործընթացի ոգին եւ այն, ինչ քննարկվում է` տարածքային ամբողջականության վերականգնում, փախստականների վերադարձ, ինչպես նաեւ հակամարտության կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ ամենը երբեք Մինսկի խմբի կողմից չի վիճարկվել»:

«Եթե նրանք ցանկանում են հրապարակել բանակցային գործընթացի մանրամասները, ապա թող հրապարակեն մինչեւ վերջ: Երբեք դրված չի եղել եւ չի լինի այնպիսի հարց, որ երբեւէ` 5 տարի, 10 տարի, 100 տարի հետո, լինի դա հանրաքվեի կամ ինչ-որ ժողովրդական հարցման կամ էլ որեւէ այլ ձեւով, Lեռնային Ղարաբաղը անջատվելու է Ադրբեջանից», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Մենք բավարարված ենք [ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում] քվեարկության արդյունքներով: Այս դիրքերից չենք նահանջի ոչ մի քայլ եւ պետք է ձգտենք, որ բանակցային գործընթացը ընթանա մեզ համար դրական ուղղությամբ», - հայտարարել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG