Մատչելիության հղումներ

Չորս քաղաքական ուժեր ստորագրեցին քաղաքական կոալիցիայի համաձայնագիր


Այսօր կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Համաձայնագրում, որը տարածել են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, ասված է. - «Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նպատակ հետապնդելով երաշխավորել Հայաստանի Հանրապետության առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորումը, 2007 թվականի մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի աջակցությամբ ստեղծում են քաղաքական կոալիցիա»:

Որպես կոալիցիայի նպատակներ փաստաթղթում նշված են` հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող եւ արդյունավետ գործող իշխանության ձեւավորումը, ժողովրդավարական բարեփոխումների խորացումը եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, իրենց նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագրի մշակումը եւ իրականացումը, նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացման, քաղաքացիների կյանքի որակի էական բարելավման, համարձակ եւ իրատեսական բարեփոխումների իրականացումը, Հայաստանի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներն արդյունավետ դիմակայելը:

«Քաղաքական կոալիցիայի կողմերը հավաստում են իրենց կամքը եւ վճռականությունը կոալիցիայի նպատակների իրագործման համար եւ ստանձնում են քաղաքական պատասխանատվություն` իշխանության գործունեության համար», - ասված է համաձայնագրում:

Քաղաքական կոալիցիայի կողմերը, «առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, համերաշխության, տարաձայնությունները բանակցությունների ու քննարկումների միջոցով լուծելու սկզբունքներով, պարտավորվում են գործել սույն համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան, իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համագործակցությամբ»։

«Քաղաքական կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա», - ասված է փաստաթղթում:

Քաղաքական կոալիցիան իր հիմնական ծրագրային առաջնահերթություններն է համարում` սահմանադրական փոփոխություններին օրենսդրության համապատասխանեցման ավարտը, եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ձեւավորումը, իշխանության թեւերի միջեւ հակակշիռների եւ զսպումների լիարժեք համակարգի ձեւավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումն օրենսդրությունում եւ քաղաքական համակարգում, արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովող, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա արդյունավետ գործող լիարժեք բազմակուսակցական համակարգի զարգացումը, խորհրդարանական ընդդիմության գործունեության հնարավորության ընդլայնումը եւ ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կայացման համար նպաստավոր պայմանների ապահովումը եւ հասարակական միավորումների ու կառույցների գործունեությունը խրախուսող ծրագրերի իրականացումը, խոսքի ազատության ամրապնդումը, զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն ուղղված, լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակումը եւ իրականացումը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացում ապահովող միջոցառումների մշակումը եւ հետեւողական իրագործումը, մասնավորապես, քաղաքական ուժերի դերակատարության հետեւողական մեծացումը, պետական իշխանության համակարգում Ազգային անվտանգության խորհրդի գործունեության բարձր արդյունավետություն ապահովող մեխանիզմների ներդրումը եւ կիրառումը, պետական կառավարման համակարգի արդյունավետության մեծացումը, այդ համակարգի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների ընդլայնումը, պաշտոնյաների նշանակման ժամանակ բարձր մասնագիտական կարողությունների եւ բարոյական որակների պահանջների կիրառումը, նրանց գործունեության հրապարակայնության եւ հաշվետվության ապահովումը, պետական ծառայության բարեփոխումների ավարտումը` ձեւավորելով ազնիվ եւ արդյունավետ գործող կառավարման համակարգ, ապահովելով քաղաքական եւ տնտեսական շահերի տարանջատումը, տնտեսության կայուն եւ անվտանգ զարգացումը ստվերային տնտեսության դեմ պայքարի, բնակչության եկամուտների զգալի մեծացման եւ բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, ազատ տնտեսական մրցակցության լիարժեք պայմանների ապահովմամբ, հակամենաշնորհային գործուն քաղաքականության իրականացմամբ, արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման հետեւողական խթանումը, գյուղատնտեսության զարգացման Ազգային ծրագրի մշակումն ու իրագործումը, աղետի գոտու վերականգնման աշխատանքների ավարտը, պետության կողմից նոր աշխատատեղերի ստեղծման խթանման միջոցով գործազրկության ծավալների էական կրճատումը, կենսաթոշակների, նպաստների եւ աշխատավարձերի շարունակական բարձրացումը, աղքատության հաղթահարմանն ուղղված սոցիալական քաղաքականության իրականացումը` որպես աղքատության շեմ ընդունելով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման մարմինների առանձնահատկությունների սահմանումն օրենքով եւ այդ մարմինների ձեւավորումը, դատական օրենսգրքի ներդրումը` համակարգի գործունեությունը եվրոպական չափանիշներին լիարժեքորեն համապատասխանեցնելու, համակարգի անաչառության ու անկախության նկատմամբ հասարակության վստահության էական մեծացման նպատակով, համընդգրկուն եւ արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ` քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավմամբ, օրենքի գերակայության, հասարակական կարգ ու կանոնի լիարժեք ապահովումը, անպատժելիության բացառումը, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, միջազգային հանրությանն առավել արդյունավետ ինտեգրումը, Հայաստան - Սփյուռք կապերի հետագա ամրապնդման միջոցով համազգային ներուժի ամբողջական հաշվառման եւ կիրառման մեխանիզմների արդյունավետության էական մեծացումը` ի շահ Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայ ժողովրդի:

Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են ամեն ջանք գործադրել կոալիցիոն կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար, ապահովել կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն իշխանության օղակներում քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող` իրենց երաշխավորած անձանց կողմից, չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել սույն հուշագրում ամրագրված կոալիցիոն նպատակների իրագործումը:

Հայեցակարգային եւ ռազմավարական նշանակության փաստաթղթերի նախագծերը ենթակա են նախնական քննարկման քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ: Կողմերը պետք է ամեն ջանք գործադրեն միասնական դիրքորոշում ձեւավորելու համար:

Քաղաքական կոալիցիայի կողմերից մեկի առաջարկությամբ, միասնական դիրքորոշման ձեւավորման նպատակով կարող է քննարկման առարկա դառնալ Ազգային ժողովի եւ կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

Քաղաքական կոալիցիայի գործունեության արդյունավետության ապահովման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, միջկուսակցական շփումների ապահովման եւ միասնական դիրքորոշումների ձեւավորման նպատակով կողմերը, հավասար ներկայացվածությամբ, ստեղծում են կոալիցիայի համադրող խորհուրդ: Համադրող խորհրդի գործունեությունն իրականացվում է կանոնավոր պարբերականությամբ հրավիրվող նիստերի միջոցով:

Համաձայնագիրը սկսում է գործել ստորագրման պահից եւ ուժի մեջ է չորրորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում: Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG