Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին կարեւոր է Վրաստանի եւ դաշինքի համար»


Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարեւոր նշանակություն ունի ինչպես Վրաստանի, այնպես էլ ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ Վաշինգտոնում վրաց պաշտոնակից Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:

«Մենք քննարկեցինք առաջիկայում Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին առնչվող հարցեր, որտեղ որոշվելու է, թե արդյո՞ք Վրաստանը կստանա Անդամակցության գործողությունների ծրագիր: Դա դաշինքին անդամակցություն չէ, սակայն անդամակցություն ստանալու նախապայման է», - ասել է Բուշը` հույս հայտնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնություն կտան Վրաստանին նման ծրագրի տրամադրմանը:

«Կովկասպրես» լրատվական գործակալության վկայությամբ, Միացյալ Նահանգների նախագահը Վրաստանին շնորհակալություն է հայտնել հակաահաբեկչական կոալիցիային ակտիվ մասնակցություն ունենալու համար:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր զինվորները Իրաքում են եւ այնտեղ պաշտպանում են ժողովրդավարությունը», - հայտարարել է Վրաստանի նախագահը` հավելելով, թե Բուշը ժողովրդավարության նոր հնարավորություն է ընձեռել ոչ միայն Վրաստանին, այլեւ ամբողջ տարածաշրջանին:

Վրաստանի նախագահը Ջորջ Բուշին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցության` իր երկրի որդեգրած ուղեգիծը պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG