Մատչելիության հղումներ

logo-print

Վարչական դատարանը բավարարեց Հարկային տեսչության հայցը ընդդեմ «ՉԱՊ» ընկերության


Վարչական դատարանի Գյումրիի նստավայրում այսօր տեղի ունեցած դատական նիստում բավարարվեց Գյումրիի հարկային տեսչության հայցը ընդդեմ «ՉԱՊ» ընկերության, որի կազմի մեջ է մտնում ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:

«Գյումրիի հարկային տեսչության հայցն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի 25 միլիոն 212 հազար 700 դրամ պահանջի մասին բավարարել մասնակի», - ասված է դատարանի որոշման մեջ: - «ՉԱՊ» ՍՊԸ-ից բռնագանձել 25 միլիոն 116 հազար 700 դրամ»:

Վճիռը կարող է եռամսյա ժամկետում բողոքարկվել վճռաբեկության կարգով:

2007 թվականի նոյեմբերին (այն բանից հետո, երբ հեռուստաընկերություն ամբողջությամբ հեռարձակեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը) 6 օր տեւած հարկային ստուգումների արդյունքում կազմվեց ակտ, ըստ որի ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ընկերությունը պետական բյուջե պետք է լրացուցիչ մուտքագրեր 25 միլիոն 665 հազար 100 դրամ: Դեկտեմբերին Գյումրիի հարկային վարչության պետ Մարտին Զիլֆիմյանը դիմել էր դատարան` պահանջելով բռնագանձել 25 միլիոն 212 հազար 700 դրամ, քանի որ ընկերությունը մոտ 450 հազար դրամ հավելավճար էր մուծել:

Այսօր առավոտյան Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը, քանի որ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը ակնկալում էին նման վճիռ:

Դրամահավաքին մասնակցել են ամենատարբեր տարիքի մարդիկ ոչ միայն Գյումրիից, այլեւ մյուս մարզերից, Երեւանից:

«Արտասահմանից շատ զանգեր ունենք: Մի քանի հեռախոսազանգ եմ ստացել Լոս Անջելեսից. մարդիկ երբեւիցե չեն տեսել ԳԱԼԱ-ն, բայց հայտնում են իրենց աջակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը: - «Պարտավորվում ենք բոլորին հետ վերադարձնել այս գումարները, որովհետեւ, ես կարծում եմ, որ Եվրոդատարանով մենք հետ ենք բերելու այս գումարը»:

Վահան Խաչատրյանը այդ դրամական նվիրատվությունները ձեւակերպում է որպես պարտք:

Ժամը 18-ի դրությամբ հանգանակվել էր մոտ 6,5 մլն դրամ, ինչը պահանջվող գումարի 25 տոկոսից ավելին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG