Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայությունը զինամթերք է հայտնաբերել Սասուն Միքայելյանի ազգականին պատկանող շինություններում


Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտարարել է մարտի 12-ին կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի քրոջ որդուն` Սոս Գեւորգյանին պատկանող շինություններում զենք եւ զինամթերք հայտնաբերելու մասին:

Ծառայության մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, «Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Երեւանում հրահրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված, Հրազդան քաղաքի բնակիչ, 1974 թվականին ծնված Սոս Սուրենի Գեւորգյանին պատկանող տանը կից անասնագոմի տանիքում հայտնաբերվել եւ առգրավվել են 1 ինքնաշեն ատրճանակ, կարճեցված փողով 1 հրացան, 29 հատ որսորդական փամփուշտ, «Մագնում» տեսակի ատրճանակի եւ ՏՕԶ տեսակի հրացանի ընդհանուր թվով 111 փամփուշտ, ինչպես նաեւ 38 տրամաչափի 1 անձայն փամփուշտ, իսկ հողատարածքին կից անավարտ շինության նկուղում` որսորդական 1 հրացան` 15 փամփուշտներով, ինչպես նաեւ կանեփանման կանաչ զանգված` մեծ եւ փոքր պարկերի մեջ»:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Սոս Գեւորգյանը կալանավորված է մարտի 3-ից, Քրեական օրենսգրքի 235 եւ 300 հոդվածներով առաջադրված մեղադրանքներով` ապօրինի զենք-զինամթերքի եւ պետական իշխանության յուրացմանն ուղղված գործողությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG