Մատչելիության հղումներ

Մեկնարկեց ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը


Այսօր առավոտյան Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը:

Ինչպես հաղորդում է հեռուստաընկերության պաշտպանության շտաբը, «հեռուստամարաթոնի նպատակն է` մեկ օրվա ընթացքում հավաքել 25 միլիոն 665 հազար 100 դրամ»: Սա այն գումարն է, որը պահանջում են հեռուստաընկերությունից Հայաստանի հարկային մարմինները:

Ժամը 15-ին մոտ կանխիկ գումարով արդեն հանգանակվել էր 2 միլիոն դրամից ավելի գումար, փոխանցվող գումարների մասին տեղեկություններ ստանալ առայժմ չի հաջողվել:

Այսօր օրվա երկրորդ կեսին Գյումրիի դատարանում հրապարակվելու է ԳԱԼԱ հեռուստաընկերության գործով վճիռը:

Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի հաղորդագրության մեջ ասված է. - «Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե դատավորը բավարարի հարկայինի հայցը, ինչը շատ հավանական է, ԳԱԼԱ հեռուստաընկերությունը կամ ստիպված կլինի անմիջապես վճարել գումարը եւ շարունակել պայքարը վնասի փոխհատուցում ստանալու համար` մնալով եթերում եւ շարունակելով աշխատել, կամ ուղղակի ստիպված կլինի եթերազրկվել, որովհետեւ այդ գումարը բռնագանձելու համար պետությունը աճուրդի կհանի հեռուստաընկերության գույքը: Դրա հետեւանքով հեռուստաընկերությունը կկորցնի իր ունեցած հեռարձակման լիցենզիան, որի գործողության ժամկետը սպառվում է 2012 թվականին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG