Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի գրասենյակ. «Իրավապահ մարմինները մեծացրել են իրենց ապօրինի գործողությունների շրջանակը»


«Վերջին օրերի ընթացքում իրավապահ մարմինները ավելի են մեծացրել իրենց ապօրինի գործողությունների շրջանակը եւ ծավալները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ», - ասված է Հայաստանի առաջին նախագահի գրասենյակի այսօր տարածած հայտարարությունում:

Տեր-Պետրոսյանի գրասենյակի պնդմամբ` «առանց օրենքով նախատեսված հատուկ գրավոր ծանուցման, դատախազության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության բաժանմունքներ են «հրավիրում» կամ բռնությամբ բերման են ենթարկում տասնյակ քաղաքացիների, նրանց ենթարկելով հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների»: Գրասենյակը նման տեղեկությունների ունի, մասնավորապես, Երեւանի Էրեբունու, Կենտրոնի, Շահումյանի, Շենգավիթի, ինչպես նաեւ Մասիսի, Հրազդանի, Եղվարդի, Ապարանի, Կապանի, Նոր Հաճընի համապատասխան բաժինների մասին:

«Քաղաքացիների հետ «զրույցներն» ըստ էության վերածվում են հարցաքննությունների, որոնց ընթացքում ոչ միայն փորձում են պարզել տվյալ քաղաքացու մասնակցությունը ընտրություններին եւ հետագա հանրահավաքներին, այլ նաեւ կեղծ ցուցմունքներ կորզել հանրահավաքների կազմակերպիչների դեմ: Ապա նրանց ստիպում ինչ-որ ապօրինի պարտավորագրեր ստորագրել այն մասին, որ իրենք այլեւս չեն մասնակցի որեւէ հանրահավաքի եւ քաղաքական միջոցառման», - ասված է հայտարարությունում:

Խնդրելով իրավապահ մարմինների այսօրինակ բոլոր գործողությունների մասին տեղեկացնել իր թեժ գծով` Տեր-Պետրոսյանի գրասենյակը վստահեցնում է, թե «բոլոր օրինախախտ իրավապահները մի օր պատասխան են տալու օրենքի առջեւ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG