Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ` 106 կալանավորված եւ 3 ձերբակալված


Հետընտրական իրադարձությունների առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ կա 106 կալանավորված եւ 3 ձերբակալված անձ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 879 մարդ, որոնցից 754-ը ազատ է արձակվել:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակի փոխանցմամբ, այսօր 5 անձի վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան: Այդ անձինք մեղադրվում ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակից Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս գիշեր եւ առավոտյան ձերբակալությունները եւ իրենց ակտիվիստներին իրավապահ մարմինների բաժիններ տանելու գործողությունները շարունակվել են:

«Առավոտ ժամը 6:30-7-ից սկսած սկսեցինք ստանալ իմֆորմացիա ձերբակալությունների մասին: Ձերբակալվել են եւ այս պահին արդեն բաժիններում են Բախշյան Էդիկը (ՀԺԿ-ի Ավանի կառույցի քարտուղարը), Միսակյան Կարենը` Ստեփան Դեմիրճյանի օգնականը: Ունենք տեղեկություն, որ այս պահին արդեն մասիվի [Նորքի զանգվածի] դատախազություն բերման է ենթարկվել «Հայք» թերթի լրագրող Արտակ Եղիազարյանը»:

Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված քաղաքացիների հիմնական մասին ազատ են արձակել: Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տրամադրած տեղեկությունների համաձայն, ոստիկանություն տարված քաղաքացիներին զրույցների ընթացքում հորդորել կամ պահանջել են չմասնակցել հանրահավաքների ու նաեւ հարցրել են, թե մարտի 1-ին եւ 2-ին, ինչպես նաեւ դրանից առաջ ինչ մասնակցություն են ունեցել հանրահավաքներին:

Ժամը 18-ի սահմաններում «Հայք» թերթի լրագրող Արտակ Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրեն ոստիկանության բաժանմունքից ազատ են արձակել: Առավոտյան տարել են նախ ոստիկանության Ավան համայնքի, ապա Նոր Նորք համայնքի բաժանմունք:

«Ուղղակի հարցնում էին, թե ինչ եմ արել ամսի 1-ի, 2-ի գիշերը: Ով ինչ է ընդհանրապես, արել, ով ինչ է խոսել», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Եղիազարյանը: - «Ես նշեցի, որ որպես լրագրող կատարել եմ իմ մասնագիտական գործունեւությունը: Ոչ ավելին: Որեւէ հակաօրինական բանի չեմ մասնակցել»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG