Մատչելիության հղումներ

Թիվ 22/21 տեղամասում ընտրակեղծիքների փաստով գործը ուղարկվել է դատարան


Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գավառ քաղաքի թիվ 22/21 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` «նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ թիվ 22/21 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանը, անձնական դրդապատճառներով, չարաշահել է դիրքը եւ կազմել քվեարկության արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն»:

Մասնավորապես, ըստ դատախազության հաղորդագրության, փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը օրենքով սահմանված կարգով կազմելուց, հաստատելուց եւ քվեաթերթիկների կնքված պարկը ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելուց հետո Հայթյանը «նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Սամվել Կարապետյանի եւ Սիմոն Ամիրխանյանի առաջարկով նշված թեկնածուի օգտին միանձնյա կազմել է ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներով նոր արձանագրություն»:

«Կեղծված արձանագրության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած 41 ձայնի փոխարեն Հայթյանը գրել է 600, ապա կեղծիքը քողարկելու եւ դրա հնարավոր բացահայտման դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին պատասխանատվությունից զերծ պահելու նկատառումներով որոշակի անճշտություններ է մտցրել նաեւ այլ թեկնածուների ստացած ձայներում՝ Վահան Հովհաննիսյանի 63 ձայնը դարձնելով 100, իսկ Սերժ Սարգսյանի 369 ձայնը՝ 500։ Արձանագրության թվական տվյալները համապատասխանեցնելու նպատակով ավելացրել է նաեւ քվեարկության մասնակիցների թիվը (1069-ից 1766), պակասեցրել մարված ու անվավեր քվեաթերթիկների քանակը (համապատասխանաբար 925-ը դարձնելով 228, իսկ 341-ը՝ 4)», - տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: - «Կեղծված տվյալներով արձանագրությունը Հայթյանը կնքել է հանձնաժողովի կնիքով եւ ստորագրել հանձնաժողովի անդամների, նրանց թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի փոխարեն, ապա` հանձնել ընտրատարածքային թիվ 22 ընտրական հանձնաժողով»:

Հռիփսիմե Հայթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով` «ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը», իսկ Սամվել Կարապետյանին եւ Սիմոն Ամիրխանյանին՝ Քրեական օրենսգրքի 38-150 հոդվածով` «հանցակցություն ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելուն»:

Ըստ հաղորդագրության, Հայթյանը, Կարապետյանը եւ Ամիրխանյանն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ զղջացել կատարած արարքի համար:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG