Մատչելիության հղումներ

«Վաշինգտոն փոստ»-ը տպագրել է Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հոդվածը


«Վաշինգտոն փոստ»-ը այսօր տպագրել է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համատեղ հոդվածը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

«Գրեթե մեկ տասնամյակ՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, մեր երկիրը խուսափել է քաղաքացիական հուզումներից եւ զինված բռնությունից, ապրելով ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական միջազգայնորեն ճանաչված առաջընթացի մի շրջան», - գրում են հոդվածի հեղինակները:

«Բայց չկարողանալով կրկին նվաճել նախագահի պաշտոնը փետրվարյան ընտրություններում, Տեր-Պետրոսյանը դիմեց ամբոխավարության վտանգավոր եւ ակնհայտորեն ոչ ժողովրդավարական դրսեւորման: Նա արմատականացրեց ընդդիմության մի մասին եւ ուղղորդեց նրան դեպի առճակատում պետության հետ, ինչը հանգեցրեց մարտի 1-ի անկարգություններին, որոնց ընթացքում զինված ցուցարարները բախվեցին ոստիկանների հետ: Բոլոր չափավորական քաղաքական ուժերի համար՝ իշխանամետ, թե ընդդիմության կողմնակից, պարզ դարձավ, որ արտակարգ դրության հայտարարումը՝ մեր քաղաքացիներին պաշտպանելու միակ հնարավոր տարբերակն է: Մինչեւ հինգշաբթի, երբ կվերացվի արտակարգ դրությունը, մենք պետք է քաղաքական լուծումներ գտնենք եւ հավաստիանանք, որ Հայաստանը կրկին չի գահավիժի քաոսի մեջ», - նշում են Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը:

«Մենք երկուսս էլ մրցակիցներ ենք եղել նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց մենք միասնական ենք ընթացիկ ճգնաժամը հաղթահարելու եւ Հայաստանը բնականոն կյանքի վերադարձնելու մեր ձգտման մեջ: Համագործակցությունն է առաջ տանող ճանապարհը», - նշում են հոդվածի հեղինակները:

«Ինչեւէ, մենք պնդում ենք, որ շարունակական առաջընթացը հնարավոր է միայն երկխոսության եւ բարեփոխումների միջոցով: Բռնությունն անհարիր է ժողովրդավարությանը: Ուստի մենք խնդրում ենք նրանց, ովքեր մինչեւ հիմա փողոցներում անկայունություն են քարոզում, միանալ մեզ, քաղաքական երկխոսություն սկսել եւ օգնել մեզ առաջնորդելու մեր երկիրը դեպի բարգավաճում», - գրում են Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը:

«Մեր առաջնահերթությունն է՝ կազմել թափանցիկ կառավարություն եւ ունենալ հստակ օրակարգ, որը մենք կհրապարակենք: Մենք մինչեւ վերջ կպայքարենք կաշառառության դեմ: Չնայած վերջին իրադարձություններին, մեր երկիրը շարունակում է առաջ շարժվել: Միջազգային հանրությունը ամեն ինչ կշահի, աջակցելով Հայաստանի կայուն, թափանցիկ եւ ընտրված իշխանություններին», - եզրափակում են Հայաստանի վարչապետը եւ «Օրինաց երկիր»-ի ղեկավարը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG