Մատչելիության հղումներ

Բուշ - Սահակաշվիլի հանդիպման օրը վրաց ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպման օրը` մարտի 19-ին վրաց ընդդիմությունը ծրագրել է հանրահավաք Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ:

Վաշինգտոն մեկնելուց առաջ երեկ Բաթումիում լրագրողների հետ զրույցում Սահակաշվիլին դատապարտել է ընդդիմության գործողությունները, մասնավորապես, շուրջ վեց տասնյակ ընդդիմադիրների կողմից անցկացվող հացադուլը որակելով պայքարի «ոչ քրիստոնեական» ձեւ:

«Ես կոչ եմ անում դադարեցնել հացադուլը եւ ցավում եմ, որ ընդդիմադիրներն ընտրել են պայքարի այս ոչ քրիստոնեական ձեւը` երկրի համար այսքան վճռական պահին», - ասել է նա` հավելելով. - «Մի կողմից, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարն է սպառնալիքի տակ, մյուս կողմից` անջատողական տարածաշրջանների խնդիրն է հրատապ: Այդ պատճառով շատ կարեւոր է առավելագույնս համախմբել ուժերը երկրի ներսում»:

Սահակաշվիլին ընդդիմադիրներին խորհուրդ է տվել նախապատրաստվել մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ պետք է անցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ընտրություններ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել Վրաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Մինչդեռ, ընդդիմությունը մտադրություն չի հայտնում ընդառաջել Վրաստանի նախագահի կոչերին եւ կասկածի տակ է դնում ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը:

Ընդդիմության առաջնորդ Lեւան Գաչեչիլաձեն երեկ հայտարարել է, որ չեն դադարեցնելու հանրահավաքներն ու հացադուլը, մինչեւ չիրականացվեն իրենց երեք պահանջները` հայտարարել նախագահական նոր ընտրություններ, ազատ արձակել նոյեմբերյան հանրահավաքների ժամանակ ձերբակալված ցուցարարներին, որոնց ընդդիմությունը բնորոշում է «քաղբանտարկյալներ», եւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հրաժարականը: Բուրջանաձեին ընդդիմությունը մեղադրում է իշխանությունների հետ բանակցությունները ձախողելու եւ սահմանադրական փոփոխությունների փաթեթի «ապօրինի» ընդունման համար:

Մարտի 13-ին Վրաստանի խորհրդարանը ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, համաձայն որի` խորհրդարանի 150 պատգամավորներից 75-ը պետք է ընտրվեն համամասնական, 75-ը` մեծամասնական ընտրակարգով: Ընդդիմությունը, մինչդեռ, պահանջում էր համամասնական եւ մեծամասնական մանդատների թիվը սահմանել, համապատասխանաբար, 100 եւ 50:

Հացադուլի դիմած ընդդիմադիրներից վեցը` «Նոր աջեր» կուսակցության պատգամավորները, արդեն յոթերորդ օրն է իրենց ակցիան անցկացնում են խորհրդարանի շենքում` Նինո Բուրջանաձեի ընդունարանում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG