Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը


39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից:

Բանաձեւում մասնավորապես նշված է. - «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»:

«ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում, եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որ կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը», - ասված է ՄԱԿ-ի բանաձեւում: Փաստաթուղթը նաեւ հաստատում է «Ադրբեջանական Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց օջախները»: Սրան զուգահեռ, ՄԱԿ-ի անդամների կողմից վերահաստատված այս բանաձեւում նշվում է, որ կազմակերպությունը ընդունում է «Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»:

Բանաձեւի քվեարկությունից առաջ ասամբլեայի լիագումար նիստին թեժ բանավեճ էր ծավալվել, որի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի` Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին ադրբեջանից դիվանագետների կողմից պատրաստված այս փաստաթղթի ընդունմանը: Ամերիկյան պատվիրակության անդամ Ալեխանդրո Վուլֆը, ելույթ ունենալով Մինսկի խմբի համանախագահների անունից, ասել է, թե ներկայացված բանաձեւում տեղ է գտել Մինսկի խմբի համանախագահների առաջարկների միայն մի մասը, ինչի հետեւանքով փաստաթուղթը հավասարակշռված բնույթ չունի: «Նման ընտրովի մոտեցումը կարգավորման սկզբունքներին ստիպում է մեր երեք պետություններին դեմ արտահայտվել ներկայացված նախագծին», - հայտարարել է Վուլֆը:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւս ընդգծել է փաստաթղթի միակողմանի բնույթը` ասելով, թե «ՄԱԿ-ի պատմության մեջ սա աննախադեպ մի երեւույթ է, երբ փորձ է արվում ընդունել մի բանաձեւ` նախապես դրա շուրջ խորհրդակցություններ ու քննարկումներ չկազմակերպելով»: «Ադրբեջանը նպատակ ունի այս քայլով իր ցանկությունները խտացնել մեկ առանձին վերցված թղթի կտորի վրա», - հայտարարել է Մարտիրոսյանը` համոզմունք հայտնելով, թե «այսպիսի բանաձեւ շրջանառության մեջ դնելով` Ադրբեջանը կարող է խաթարել ողջ բանակցային գործընթացը»:

Ադրբեջանին աջակցություն հայտնած պետությունների մեծ մասը «Իսլամական համաժողով» կազմակերպության անդամներն են, այդ թվում` Թուրքիան, ինչպես նաեւ ԱՊՀ-ի անդամ պետություններից` Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ուզբեկստանը: Ադրբեջանական պատվիրակության պատրաստած բանաձեւին կողմ է արտահայտվել նաեւ Սերբիան: Ինչ վերաբերում է ադրբեջանական առաջարկին դեմ հանդես եկած երկրներին, ապա դրանց թվում են Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ Հնդկաստանը, Անգոլան ու Օվկեանիայում գտնվող փոքրիկ Վանուատու կզղին: ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունները կամ ձեռնպահ են քվեարկել, կամ էլ ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը արդեն իսկ հույս է հայտնել, որ այս բանաձեւը «ահազանգ կհանդիսանա Ադրբեջանի համար, քանի որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Lեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի մոտեցումներին»: Հայաստանի արտգործնախարարության ուշ գիշեր տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, թե ՄԱԿ-ում անցկացված քվեարկությունը տրամադրությունների յուրատեսակ ստուգատես էր: «Այն ցույց տվեց, որ ՄԱԿ-ի անդամ ընդամենը 39 պետություն է պաշտպանում ադրբեջանական կողմի մոտեցումները, այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան դրանց, իսկ ՄԱԿ-ի ավելի քան 150 անդամ ընդհանրապես ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովի պնդմամաբ, ընդունված բանաձեւը «շատ կարեւոր մի փաստաթուղթ է , որն ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական ուժ ունի»: Ազիմովը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին` պնդելով, թե վերջիններն իրենց շատ ծանր կացության մեջ են դրել: «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի երեկ ընդունված բանաձեւի հիման վրա», - ասել է Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG