Մատչելիության հղումներ

logo-print
«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

«Ակնհայտ է, որ այս ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ: Քաղաքական գործիչների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ անհրաժեշտ է սահմանափակել ձերբակալությունները: Դատական հետապնդումները պետք է իրականացվեն միայն այն դեպքերում, երբ կան բռնարարքների եւ հանցագործությունների իրական ապացույցներ, այլապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ համատարած կասկածներ կլինեն, որ մարդիկ ձերբակալվել են իրենց գաղափարների համար», - ասաց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Նշելով, որ հանդիպել է ձերբակալվածների հետ` Թոմաս Համմարբերգը ասաց. - «Ձերբակալվածներից ոմանք ծեծի են ենթարկվել, ինչը, իհարկե, անընդունելի է: Ոմանք ասում են, թե իրենք ամբողջությամբ անմեղ են եւ ընդամենը արտահայտել են իրենց կարծիքները: Իմ փաստարկն այն էր, որ այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է ապահովել արդարացի գործընթաց, եւ որ արդարադատության հիմնարար սկզբունքները պետք է հարգվեն»:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զերծ մնաց ձերբակալություններին քաղաքական գնահատական տալուց: Նշեց միայն, որ աստիճանաբար, «քայլ առ քայլ թուլացվում է արտակարգ իրադրության ռեժիմը»:

«Ես Հայաստանի նախագահին եւ վարչապետին ասացի, որ այդ փոփոխությունները բավարար չեն: Կարծում եմ, անհրաժեշտ է կայացնել գրաքննությունը վերացնելու որոշում», - այդուհանդերձ, հավելեց նա:

«Լրատվամիջոցները միշտ կարեւոր դեր են խաղում, եւ ցավալի է, որ հատկապես նման ճգնաժամային իրավիճակում լրատվամիջոցները ազատ չեն իրենց գործունեության մեջ, քանի որ դա ծնում է բամբասանք եւ ասեկոսեներ, որոնք ոչ թե օգնում են, այլ միայն ավելի են լարում իրավիճակը: Դա է պատճառը, որ վարչապետի հետ իմ հանդիպման ժամանակ ես հատուկ ուշադրություն դարձրի այս գրաքննությունը վերացնելու անհրաժեշտությունը», - նշեց Թոմաս Համմարբերգը:

Հարցին, թե ով է պատասխանատու մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների համար, Համմարբերգը արձագանքեց. - «Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա իրականացնել անկախ, պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ հետաքննություն, որը կպարզի մարտի 1-ի առավոտյան, կեսօրի եւ երեկոյան իրադարձությունների, այդ թվում նաեւ սպանությունների իրական հանգամանքները: Որպեսզի նման հետաքննության եզրակացությունները լինեն արժանահավատ եւ բոլորի համար ընդունելի, ուղղակի անհրաժեշտ է անկողմնակալության բաղկացուցիչը: Այս առումով ես առաջարկեցի, որպեսզի իր դերակատարությունը ունենա նաեւ միջազգային հանրությունը, ինչի համար համապատասխան խնդրանքով պետք է դիմեն Հայաստանի իշխանությունները»:

Անդրադառնալով ընդդիմության կողմից նոր հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շեշտեց, թե մարդու իրավունքների բոլոր չափանիշներով գոյություն ունի ազատ կերպով հանրահավաքներ անցկացնելու իրավունք: Առանձին դեպքերում, եթե իրավիճակը չափազանց լարված է, իշխանությունները կարող են բացառություն անել եւ արգելել նման միջոցառումները, սակայն դրա համար պետք է հստակ արարողակարգը պահպանեն` դիմեն Եվրախորհրդին կամ ՄԱԿ-ին, հստակեցնեն այդ դրույթը արտակարգ դրության մասին հրամանագրում. - «Բայց երթերը կամ հանրահավաքները արգելելու համար պետք է լինեն շատ լուրջ պատճառներ` դա է մարդու իրավունքների չափանիշների դիրքորոշումը»:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը մտադիր է Սթրասբուրգ վերադառնալուց հետո ուսումնասիրել հավաքված բոլոր նյութերը, ներառյալ` ստացված տեսաժապավենները եւ DVD-րը, գնահատել իրավիճակը, որից հետո կհրապարակվի մի փաստաթուղթ, որը կներառի առաջարկություններ Հայաստանի իշխանություններին` ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ պաշտպանել մարդու իրավունքները ապագայում:

«Եվրոպայի համար ժողովրդավարությունը Հայաստանում չափազանց կարեւոր է: Եվրոպայի խորհրդի համար ժողովրդավարությունը երկրի անդամակցության պայմաններից մեկն է: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը այն հենասյուներն են, որոնց վրա կառուցված է համաեվրոպական այս կառույցը, եւ ցանկացած պետության կարեւորագույն խնդիրն է դրանք պաշտպանելը», - եզրափակեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG