Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը հանդիպել է համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը ներկայացրել է հայկական կողմի մտահոգությունները, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության մթնոլորտը:

Նախարարը եւ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը, մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանաձեւ անցկացնելու ջանքերը:

Քննարկվել են նաեւ բանակցությունների վերսկսման հնարավորությունները, ինչպես նաեւ Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպման հետ կապված հարցեր:

Ավելի ուշ Գլխավոր ասամբլեայում քվեարկության դրվեց Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը, որով Ադրբեջանը փորձում է միջազգային աջակցություն ստանալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի` իր համար ցանկալի լուծման համար:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես եւ Հայաստանն ու մի շարք այլ երկրներ, դեմ են քվեարկել բանաձեւի նախագծին: 150-ից ավելի երկրներ ձեռնպահ են մնացել կամ չեն քվեարկել: Բանաձեւին կողմ են քվեարկել ընդամենը 39 երկրներ:

Թեեւ կատարման համար ոչ պարտադիր այս բանաձեւն ընդունվել է Գլխավոր ասամբլեայի կողմից, Ադրբեջանի դիրքորոշման մերժումը անդամ երկրների ճնշող մեծամասնության կողմից ակնառու կերպով ցուցադրում է տվյալ հարցի նկատմամբ միջազգային հանրության տրամադրվածությունը:

«Հուսով եմ, Ադրբեջանն ընկալեց միջազգային հանրության ուղերձը: Հետեւելով համանախագահողներին, անդամ երկրների մեծամասնությունը մերժեց միակողմանի մոտեցումը», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Նշված բանաձեւը Օսկանյանը բնութագրել է որպես «շինծու». - «Մի կոզմից` անդամ երկրներին ապատեղեկացնելու նպատակով, բանաձեւում կա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին աջակցող դրույթ: Մյուս կողմից` Ադրբեջանը կոպտորեն անտեսում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դիրքորոշումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG