Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպմանը: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 3-4-ին Բուխարեստում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

«Եթե համանախագահներից նման առաջարկ ստացվի, եւ Ադրբեջանի նախագահը մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, պետության ղեկավարը կարող է դիտարկել այն», - ասել է Մամեդովը:

Միաժամանակ, «Թրենդ»-ին այսօր տված հարցազրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել է, որ միջնորդները պաշտպանում են Բուխարեստում երկու երկրների նախագահների հանդիպման գաղափարը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է 2007 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG