Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը


Եվրոպական խորհրդարանը երեկվա լիագումար նիստում ձայների 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը:

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են. - «Նախագահական ընտրությունների արդյունքները խաղաղ կերպով վիճարկող ընդդիմության կողմնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված ճնշումները, ի վերջո, հանգեցրին 8 մարդու մահվան եւ տասնյակ վիրավորների: Մարտի 1-ին հայտարարվեց արտակարգ դրություն, եւ լրատվամիջոցների ազատությունը երկրում սահմանափակվեց»:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ կազմակերպել մարտի 1-ի դեպքերի «թափանցիկ, անկախ եւ անկողմնակալ քննություն»: «Սխալ պահվածքի ու քրեական բռնարարքների համար պատասխանատուները պետք է դատարանի առջեւ կանգնեն», - ասված է բանաձեւում:

Եվրոպացի խորհրդարանականները Հայաստանի կառավարությանը կոչ են անում վերացնել արտակարգ դրությունը, վերականգնել լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաեւ ազատել բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են «հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու պատճառով»:

Եվրախորհրդարանը դիմում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, հրապարակային հայտարարությունների ավելի հանդարտ տոնայնություն որդեգրել` ներգրավվելով արդյունավետ ու կառուցողական երկխոսության մեջ, որի նպատակը, ըստ եվրոպացի խորհրդարանականների, լինելու է երկրի ժողովրդավարական կառույցների ամրապնդումը:

Անդրադառնալով Եվրոպական հարեւանության ծրագրին, որում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, պատգամավորները Եվրամիության գործադիր մարմնին` Եվրոպական հանձնաժողովին կոչ են անում կենտրոնանալ հատկապես հայաստանյան դատական համակարգի անկախության ապահովման ու ոստիկանական ուժերի մարզումները կազմակերպելու անհրաժեշտության վրա:

Հայաստանի իշխանություններին Եվրախորհրդարանը կոչ է անում նաեւ արագորեն կյանքի կոչել այն բոլոր փոփոխությունները, որոնք բխում են Միջազգային դիտորդական առաքելության վերջին եզրակացություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG