Մատչելիության հղումներ

logo-print

Գեւորգ Դանիելյան. «Ամբողջ խնդիրը անհարկի բախումները, անհարկի զանգվածային անկարգությունները կանխելն է»


Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում որոշ պարզաբանումներ տվեց երկրի նախագահի` ինչպես արտակարգ դրություն մտցնելու մասին, այնպես էլ, մասնավորապես, լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների որոշակի մեղմացում նախատեսող հրամանագրերի վերաբերյալ:

Ըստ արտակարգ դրության մասին հրամանագրի, պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող էին իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Հարցին, թե արդյո՞ք այս դրույթին ենթարկվել են բոլոր լրատվամիջոցները, արդյո՞ք բոլորն էին հավասար հրամանագրում նշված պահանջի առջեւ, Դանիելյանը պատասխանեց. - «Բնականաբար` բոլորը»:

Իսկ դիտարկմանը, թե չի՞ խախտվել արդյոք հրամանագրի պահանջը, երբ որոշ հեռուստաընկերություններ ցուցադրել են փողոցում վերցրած հարցազրույցները, արձագանքեց. - «Ոչ, չի խախտվել: Ցանկացած հեռուստաընկերություն կարող էր փողոցում վերցնել [հարցազրույցներ] եւ այլն: Խոսքը վերաբերում է պաշտոնական տեղեկատվության շրջանակներին: Պաշտոնական տեղեկատվության շրջանակ հասկացությունը բնավ չի ենթադրում, որ դուք պետք է կրկնեք բառացի այն տեղեկատվությունը, որը պաշտոնական տեղեկատվությամբ արդեն իսկ կա: Խոսքը վերաբերում է այն տեղեկատվությանը, որը շրջանակներում է տեղավորվում պաշտոնական տեղեկատվության: Այսինքն` սա չի նշանակում, որ չէր կարող լինել բազմակարծություն. փառք Աստծո, եղել է… Սա չի նշանակում, որ չեն կարող լինել տարաբնույթ մեկնաբանություններ. դարձյալ եղել են: Սա նշանակում է` միայն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում պետք է այս ամեն ինչը արվի»:

Արտակարգ դրության մասին հրամանագրում նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երեկ կատարած փոփոխությունից հետո լրատվամիջոցները պարտավոր են ոչ թե բացառապես պաշտոնական տեղեկատվություն հրապարակել, այլ նրանց «արգելվում է պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, այսինքն (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:

Հարցին, թե արդյո՞ք ոչ արտակարգ դրության պայմաններում կարելի է ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածել կամ սադրիչ հայտարարություններ անել, Դանիելյանը արձագանքեց. - «Իհարկե, ոչ: Սրանք արգելքներ են, որոնք միշտ գործում են: Բայց նախ անդրադառնանք արգելքների իրավական հետեւանքներին: Եթե այս դեպքում մենք ասում ենք, որ հրամանագրով արգելվում է սա անել, նշանակում է, որ պետությունը իր վրա վերցնում է լիազորություն, որ պարզապես թույլ չի տալիս այդպիսի հրապարակումներ»:

«Այլ դեպքերում` հրամանագրից հետո, արդեն լրիվ այլ խնդիր է», - շարունակեց Գեւորգ Դանիելյանը: - «Կան հստակ, թե ինչ է արգելվում լրատվամիջոցներին` չճշտված տվյալներ եւ այլն, եւ այլն: Սրա համար արդեն կգնա զուտ քաղաքացիաիրավական պատասխանատվություն»:

Պարզաբանելով, թե ինչ է նշանակում ակնհայտ սուտ կամ սադրիչ հայտարարություններ, նախարարը ասաց. - «Նկատենք, որ չափազանց բարդ է այս կամ այն հասկացությունը մեկնաբանել… Իհարկե, կարելի է տարաբնույթ մեկնաբանություններ տալ: Դրա հետ մեկտեղ, որքան էլ փորձեք իրավական ակտը հստակ ձեւակերպել, միեւնույն է, տարակարծությունների եւ տարամեկնաբանությունների տեղ մնալու է: Այս դեպքում մենք, կարծես թե, օգտագործել ենք այնպիսի հասկացություններ, որոնք քիչ պետք է տարակարծությունների տեղիք տան: Ակնհայտ սուտ տեղեկատվությունը, ինձ թվում է, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի: Սա այն է, որ դուք ունեք մի քանի աղբյուրներից հստակ պաշտոնական տեղեկատվություն, գիտեք ինչպիսին է այս կամ այն տվյալը, եւ ձեզ ներկայացվում է մեկ այլ տեղեկատվություն, որը ոչ թե պարզապես ճշտված չէ, այլեւ չի համապատասխանում եղած տվյալներին որեւէ կերպ»:

Իսկ հարցին, թե որն է համարվում «իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն», նախարարը պատասխանեց. - «Եթե լուրը, լրատվության կոնկրետ այդ աղբյուրը չի հանգեցնում նրան, որ տեղի ունենան բախումներ, այլ ընդամենը քաղաքակիրթ եղանակով, ինչ-ինչ հարցեր կծագեն. սրա հետ կապված որեւէ խնդիր չկա: Ամբողջ խնդիրը անհարկի բախումները, անհարկի զանգվածային անկարգությունները կանխելն է: Որեւէ այլ խնդիր դրվել չի էլ կարող»:

Հարցին, թե կա՞ արդյոք մարմին, որը կտարորոշի «ակնհայտ սուտ» եւ «իրավիճակը ապակայունացնող» տեղեկատվությունը, Գեւորգ Դանիելյանը արձագանքեց. - «Հրամանագիրը ընդամենը հնարավորություն է տալիս կառավարությանը: Կառավարությունը, իր հերթին, արդեն լիազորում է կոնկրետ մարմինների, որպեսզի նրանք արգելեն, կանխեն հրապարակումները»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG