Մատչելիության հղումներ

Սաբինա Ֆրեյզեր. «Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել քվեատուփերի միջոցով»


Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել խաղաղ ճանապարհով` քվեատուփերի միջոցով: Այդ մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականում այսօր հրապարակած հոդվածում:

Նրա կարծիքով, Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունները, «թեեւ առաջինն էին մայրաքաղաք Երեւանի փողոցներում, սակայն տեղավորվում են Հարավային Կովկասում արդեն շատ ծանոթ վտանգավոր սխեմայի շրջանակներում»:

«Հաճախ կրկնվող սցենարը հետեւյալն է. նախ` խախտումները եւ ընտրակեղծիքների մասին պնդումները ստվերում են ընտրությունները, այնուհետեւ` ընդդիմությունը բողոքի զանգվածային ցույցեր է կազմակերպում, եւ վերջապես` ուղարկվում է ոստիկանությունը եւ անհամարժեք ուժ է գործադրում` ծեծելով ազատելով փողոցները ցուցարարներից», - գրում է Սաբինա Ֆրեյզերը եւ նկատում. - «Դա այնքան սովորական բան է դարձել Հայաստանում եւ Ադրբեջանում, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները այժմ կարծես նույնքան ժամանակ են ծախսում հետընտրական պայքարին պատրաստվելու վրա, որքան ծախսում են քվեների համար ընտրարշավի վրա: Նույնը, ինչպես երեւում է, սպասվում է Վրաստանում մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որտեղ նոյեմբերին կառավարության հարձակումը խաղաղ ցուցարարների վրա նախորդեց հունվարյան նախագահական ընտրություններին»:

Հոդվածագիրը նշում է, որ տարածաշրջանում «անչափ շատ ընտրություններ են ստվերվել ձայների վատ կամ շատ վատ հաշվարկով, ընդդիմադիր ակտիվիստների ահաբեկմամբ, քվեատուփերի լցոնմամբ, բազմակի քվեարկությամբ, կողմնակալ ընտրական հանձնաժողովներով, կառավարության թեկնածուի աջակցման համար պետական ռեսուրսների օգտագործմամբ եւ լրատվամիջոցների կողմից ընտրարշավի աղավաղված լուսաբանմամբ»:

«Դա չէ այն հետխորհրդային իրականությունը, որի հույսը ունեին շատերը: Խորհրդային Միության փլուզումից եւ Հարավային Կովկասի հանրապետությունների անկախացումից հետո բոլորը խոսում էին ժողովրդավարության նրանց անցման մասին», - շեշտում է Սաբինա Ֆրեյզերը:

Նա գտնում է, որ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը: Միջազգային հաստատությունները ներկայացնող դիտորդները, հատկապես խորհրդարանականները սովորաբար հակված են շատ արագ հավանություն տալ ընտրություններին` առաջնորդվելով քաղաքական նպատակներով. աջակցել կառավարության թեկնածուին հանուն «տարածաշրջանային կայունության», կամ էլ պարզապես նպաստել առանձին դաշնակիցների` իշխանության մնալուն:

Ֆրեյզերը շատ ավելի վստահելի է համարում ԵԱՀԿ-ի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության գնահատականները, որոնք հիմնված են շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տեւած դիտարկումների վրա եւ որոնք վերջնական տեսքով շատ ավելի ուշ են ներկայացվում:

Հոդվածագիրը շեշտում է, որ ընտրությունների նման սցենարը կկրկնվի, «մինչեւ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները նոր ուղեգիծ չորդեգրեն` աջակցելով ավելի շատ այդ երկրների հաստատություններին, այլ ոչ թե անհատներին». - «Նրանք պետք է հստակ հասկացնեն, որ կեղծված ընտրությունների հերթական շրջանը չի հանդուրժվելու»:

«Խորհրդային Միության փլուզումից 17 տարի անց բոլոր այդ երկրները պետք է արդեն իմանան` ինչպես անցկացնել իսկական ընտրություններ: Ժամանակն է, որպեսզի տեղի իշխանությունները եւ նրանց օտարերկրյա գործընկերները Հարավային Կովկասում եւ նախկին Խորհրդային Միության որեւէ այլ վայրում ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու եւ հետագա արյունահեղություններից խուսափելու համար անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերեն», - իր հոդվածն ամփոփում է Սաբինա Ֆրեյզերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG