Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայսը ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորում չի տեսնում եւ հորդորում է հանել արտակարգ դրությունը


ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեկ կասկած է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շուտ լուծվել, ինչպես նաեւ զգուշացրել է, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կարող է վտանգել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը:

Միացյալ Նահանգների 2009 թվականի բյուջեի նախագծի շուրջ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պատասխանելով կոնգրեսականների հարցերին, որոնք մտահոգություն են հայտնել Կովկասում նոր պատերազմի բռնկման հնարավորության առնչությամբ, Ռայսը հայտարարել է. - «Շատ մոտ ապագայում ես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն չեմ տեսնում»:

«Մենք դրան մոտ էինք մի քանի անգամ եւ կշարունակենք փորձել աշխատել այդ ուղղությամբ: Սակայն պետք է ընդգծեմ, որ այս պահին մենք խնդիրներ ունենք երկու կողմում էլ, եւ մենք փորձում ենք ապահովել, որ երկու կողմերն էլ պատասխանատվությամբ գործեն», - ասել է պետքարտուղարը:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` Քոնդոլիզա Ռայսը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում վերջերս հայտարարված արտակարգ դրությունը երկրում ամերիկյան որոշ ծրագրեր առկախելու անհրաժեշտություն է առաջացրել:

«Կարող եմ նշել նաեւ, որ Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում ընդգրկված երկիր է: Եվ մեզ հարկ կլինի ասել հայերին, որ արտակարգ դրությունը վտանգում է նաեւ այդ ծրագիրը», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Այդուհանդերձ, Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Ադամ Շիֆը շեշտել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի բյուջետային առաջարկը, որում խախտված է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը, ներկայացվել է մինչեւ Հայաստանում արտակարգ դրության հայտարարումը, մինչդեռ Ադրբեջանի նախագահը եւ մյուս պաշտոնյաները վերջին ամիսներին աչքի են ընկնում ռազմատենչ հռետորաբանությամբ:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլենբերգը, իր հերթին, հանդես է եկել Ադրբեջանին առհասարակ ռազմական օգնություն չտրամադրելու օգտին` հայտարարելով. - «Ես հավատացած եմ, որ այդ օգնությունը ահաբեկչության դեմ պայքարում օգտագործելու փոխարեն նրանք տարածաշրջանային պատերազմ են բորբոքում»:

«Մենք անչափ մտահոգված ենք բորբոքիչ հռետորաբանությունից: Սակայն, կարծում եմ, մեր գործելակերպը այս հարցում փորձելն է բաց ուղիներ պահպանել երկու կողմերի համար եւ նրանց հանգեցնել լուծման», - արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ինչպես եւ նախորդ մի քանի տարիներին, 2009 թվականի բյուջեի նախագծով Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկում է խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օժանդակության հավասարությունը: Երկու երկրների համար առաջարկվող արտաքին ռազմական ֆինանսավորման ծավալները նույնն են` 3-ական միլիոն դոլար, սակայն ռազմական ուսուցման եւ վարժանքների նպատակով նախատեսվում է Ադրբեջանին տրամադրել 900 հազար, իսկ Հայաստանին` 300 հազար դոլար:

Նախագծով առաջարկվում է Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս է ընթացիկ տարվա համար Կոնգրեսի հաստատածից եւ 11 միլիոնով պակաս` 2008-ի համար վարչակազմի նախնական առաջարկից:

Այդուհանդերձ, Կոնգրեսում կայացած երեկվա լսումների ժամանակ Քոնդոլիզա Ռայսը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ մեկ մարդու հաշվով ամենամեծ օգնություն ստացող երկիրը տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG