Մատչելիության հղումներ

Փոփոխություններ` լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներում


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերում են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:

Նախագահի այսօր ստորագրած հրամանագրով, մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում», շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ` «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:

Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրով նաեւ ուժը կորցրած է ճանաչվել նույն կետի 5-րդ ենթակետը` «առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում»:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում վաղվանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG