Մատչելիության հղումներ

logo-print

Մեթյու Բրայզան կրկին երկխոսության կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին


Երեքշաբթի ուշ երեկոյան Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան կրկին հորդորեց Հայաստանի քաղաքական ուժերին սկսել երկխոսություն:

Այն հարցին, թե ի՞նչ հավելյալ մանրամասներ կարող է հաղորդել ամերիկացի դիվանագետը ԱՄՆ-ի կողմից երկխոսության, այսպես կոչված, «կլոր սեղանի» ձեւաչափի վերաբերյալ, Բրայզան պատասխանեց հետեւյալը. - «Մենք կցանկանայինք տեսնել, որ բոլոր խոշորագույն քաղաքական կուսակցությունների` ընդդիմադիր, իշխանամետ, կոալիցիայի անդամները, բոլորը հավաքվեն միասին քննարկման համար, քննարկում, որը կներկայացնի Հայաստանի բոլոր քվեարկողներին, որը կխոսի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ապագայի եւ դրանց ամրապնդման մասին: Թե որո՞նք կլինեն կոնկրետ թեմաները` դա մասնակիցների գործն է, իհարկե: Սակայն բանավեճի սեղանի շուրջ քննարկումների միջոցով սեփական երկրի քաղաքական ապագան որոշելու գործընթացն է այն ճանապարհը, որով պետք է կառուցել առողջ ժողովրդավարություն, այլ ոչ թե փողոցը»:

Հայաստանի իշխանություններն ասում են, թե անվտանգության ուժերը զենք չեն օգտագործել մարտի 1-ի ցույցը ցրելիս: Ընդդիմությունն էլ մեղադրում է, թե հատուկ ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա` միաժամանակ պնդելով, թե տուժածների թիվը շատ ավելի մեծ է, քան կառավարությունն է հաղորդում: Եվրամիության նախագահությունը առաջարկել է անկախ հետաքննություն անցկացնել: Իսկ Միացյալ Նահանգները աջակցում է այդպիսի հետաքննություն անցկացնելու առաջարկը:

«Մենք պաշտպանում ենք անկախ հետաքննության առաջարկը եւ կարծում ենք, որ դա օգտակար կլինի», - ասաց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը: - «Բայց, միաժամանակ, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի երբեւէ գնահատել ճշգրտորեն, թե ինչպես այդ ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք: Վերականգնենք ընտրություններին հասցված վնասները` պատժելով այն մարդկանց, որոնք ապօրինի կերպով ուժ են գործադրել կամ խախտել են ընտրությունների մասին օրենքը»:

«Չնայած Միացյալ Նահանգների կոչերին` ձերբակալությունները դադարեցնելու մասին, ընդդիմության ակտիվիստներին շարունակում են ձերբակալել: Ի՞նչ է արվում այդ առնչությամբ», - այս հարցին Մեթյու Բրայզան արձագանքեց. - «Սա մի խնդիր է, որ պետք է լուծվի Հայաստանի կառավարության կողմից, իհարկե, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` վերջ տալ քաղաքական ղեկավարների ձերբակալություններին եւ վերականգնել ժողովրդավարական այն պահը, որը բնորոշ էր Հայաստանին մինչեւ այս վերջին ընտրությունները»:

Անդրադառնալով Հայաստանի գլխավոր դատախազի այն պնդումներին, թե «ընդդիմության առաջնորդները հոգեբանական դիվերսիա են իրականացրել մարդկանց նկատմամբ», ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականն արձագանքել է. - «Օհ, այ քեզ հայտարարություն... Պարոն Տեր-Պետրոսյանը ակնհայտորեն շատ հայտնի քաղաքական գործիչ է, ով շատ հմուտ է իր հռետորության մեջ, այնպես որ, նա մարդկանց ոգեշնչելու կարողություն ունի եւ անում էր դա Երեւանի Ազատության հրապարակում ունեցած իր ելույթներում: Սա այն դեպքը չէ, երբ մասնավոր մի ղեկավար կախարդական հնարքներ է գործադրում. Lեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս իբրեւ քաղաքական գործիչ»:

Ամերիկացի բարձաստիճան պաշտոնյան նշել է նաեւ, որ ինքն այցելել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանին եւ, իր կարծիքով, օգտակար զրույց ունեցել նրա հետ:

«Ես, մասնավորապես, քաջալերեցի նրան` լիարժեք մասնակցել Հայաստանի կառավարության հետ երկխոսությանը եւ ուղիներ փնտրել` Հայաստանում ժողովրդավարության ընթացքը վերականգնելու համար», - մանրամասնեց Մեթյու Բրայզան:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանց վերաբերյալ «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տված հարցազրույցին, որտեղ փոխպետքարտուղարի օգնականը Հայաստանի կառավարության արձագանքը գնահատել էր որպես «կոշտ ու վայրագ», Մեթյու Բրայզան նշել է. - «Վայրագություն տեղի է ունեցել երկու կողմերում էլ, եւ ես փորձել եմ դա հասկացնել իմ բոլոր հարցազրույցներում: Խնդիրն այն է, որ երբ մարդիկ փողոցներում հայտնվում են առճակատման իրավիճակում, եւ չկա տեղեկատվության ազատ հոսք` անկախ մամուլի միջոցով, յուրաքանչյուր կողմ փորձում է մեղավոր ճանաչել մյուսին: Բայց ի վերջո, իհարկե, կառավարութունը պատասխանատու է քաղաքացիների դեմ կառավարական ուժեր գործադրելու համար: Իսկ քաղաքացիներն էլ պատասխանատու են խաղաղ կերպով բողոքելու եւ օրենքի սահմաններում տեղավորվող մեխանիզմներ գործադրելու հարցում: Ահա այս ենք մենք կոչ անում բոլոր կողմերին»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Միացյալ Նահանգների նախագահը միջամտի Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածությունը հարթելու գործընթացին, Մեթյու Բրայզան ասել է. - «Մենք Հայաստանի կառավարության հետ հաղորդակցության շատ արդյունավետ միջոցներ ունենք, եւ ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների հետ այժմ տեղի ունեցող հաղորդակցությունը բավարար է: Նախագահ Բուշը իր որոշումը կկայացնի, եւ եթե նա ցանկանա ներգրավվել գործընթացում, դա, իհարկե, նրա որոշումն է»:

Ամերիկացի բարձաստիճան դիվանագետը միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում, ինչպես նաեւ ողջ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մշտական շփումներ է ունենում Ռուսաստանի կառավարության եւ դիվանագիտական շրջանակների իրենց գործընկերների հետ:

«Այդուհանդերձ, մենք չենք համաձայնեցնում մեր դիվանագիտական դիրքորոշումները այն առումով` ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականն ու ընդգծել. - «Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում ունի, թե ինչ է նշանակում իսկական ժողովրդավարություն ստեղծելը, եւ մենք այդ նպատակին հետամուտ ենք լինում մեր սեփական ուղիով` սերտորեն համագործակցելով Հայաստանի կառավարության եւ քաղաքացիների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG