Մատչելիության հղումներ

«Պետք է գիտակցենք, որ ինչքան Հայաստանը ավելի թուլացած լինի, եւ ինչքան նախագահը ավելի թույլ դիրքերից հանդես գա, այնքան ավելի մեծ է լինելու գայթակղությունը` այդ նախագահին եւ այդ երկրին ճնշելու», - հայտարարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցում:

«Սա ուղղակի այբուբեն է` ե’ւ միջազգային հարաբերությունների, ե’ւ ընդհանրապես քաղաքականության մեջ: Եվ քայլեր ձեռնարկել, որոնք բերում են Հայաստանի դիրքերի թուլացմանը միջազգային ասպարեզում` այո, ուղղակի խնդիրներ են ստեղծելու հաջորդ նախագահի համար», - ասաց նախագահը` հավելելով. - «Բայց նաեւ ես չեմ կարծում, որ այսօրվա վիճակը անշրջելի է, եւ կասկած չունեմ, որ մեկ-երկու ամսում այս ամենը շտկվելու է: Բայց նաեւ` շտկելու համար պետք է պատասխան տան իրենց արածի համար բոլոր մեղավորները: Բոլոր նրանք, ովքեր հրահրել են, ստեղծել են այս իրավիճակը, իհարկե, պետք է կանգնեն դատարանի առջեւ: Եթե դա չանենք, ուրեմն, այդ սադրիչ գործողությունները շարունակվելու են»:

«Կան մարդիկ, որոնց համար այսօր Հայաստանի թուլությունը, Հայաստանի անկայունությունը իրենց քաղաքական շահերի համար նպաստավոր է իրենց կողմից դիտվում: Սա վտանգավոր է», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքերով, կառավարությունը, որը պետք է ձեւավորվի ապրիլի 9-ից հետո, պետք է շատ ակտիվ միջոցառումներ ձեռնարկի երկրի համբավը վերականգնելու համար. - «Տուրիստների համար կայուն երկիր է պետք: Սա է առաջին անհրաժեշտ պայմանը, եւ այդ կայունության նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ շատ ակտիվ միջոցառումներ երկրում պետք է իրականացվեն: Սա բխում է բոլորի շահերից, յուրաքանչյուր քաղաքացու շահերից, իհարկե, բացի նրանց, ովքեր անկայունության մեջ, մտածում են, թե կարող են ինչ-որ բան շահել, ինչ-որ առավելություններ ստանալ»:

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերանայման հնարավորության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Իմ մամուլի խոսնակը հայտարարել է, որ վերանայման հարցերը հիմա, տարբերակը պատրաստվում է, եւ այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան ես կստորագրեմ մի հրամանագիր, որով մոտեցումը կփոխվի»:

«Հիմա արտակարգ դրության շրջանակներում մենք ձեզ ասում ենք, թե ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ դուք ինչ կարող եք անել: Հրամանագիրը ստորագրելուց հետո մենք ձեզ ասելու ենք` ինչ չի կարելի անել», - պարզաբանեց նախագահը` վստահեցնելով. - «Շատ նեղ են լինելու այդ սահմանափակումները, որոնք միայն վերաբերելու են սադրիչ գործողությունների, ակնհայտ սուտ լրատվության տարածմանը, եւ դուք բոլորդ շատ ավելի ազատ եք լինելու` ձեր կարծիքը արտահայտելու, մոտեցումները, վերլուծականները, ընդհանրապես ինֆորմացիան: Ուղղակի պետք է ավելի ուշադիր լինեք եւ միայն ստուգելուց հետո, լուրերի հատվածով, այո, պատասխանատվության զգացումը պետք է ավելի բարձր լինի, որ ձեր գործունեությունը չվնասի երկրի կայունությանը»:

«Սա է լինելու մոտեցումը, եւ դեռ որեւէ նպատակ` արտակարգ դրությունը երկարացնելու, չունենք: Ուրեմն, վաղվանից կամ հաջորդ օրվանից դուք կստանաք այս ազատությունը, եւ սա նշանակում է, որ մեղմացման մոտեցումը շարունակվելու է», - հավաստիացրեց Ռոբերտ Քոչարյանը:

«Ապշեցնում են բամբասանքների ծավալը եւ շատ դեպքում բովանդակությունը: Ուղղակի զարմանում ես, թե ինչպե՞ս են նման կարգի բամբասանքներ տարածվում, եւ ինչո՞ւ է ընդհանրապես այս երեւույթը առկա մեզանում այստեղ: Միգուցե նաեւ որոշակի լրատվության պակասն է, եւ միգուցե այս հրամանագիրը ինչ-որ տեղ հնարավորություն կտա այս հարցի լուծումը այլ կերպ ծավալել», - ասաց նախագահը:

Նրա խոսքերով` «մինչեւ այսօր արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ որեւէ խնդիր մենք չունենք». - «Միջադեպեր չունենք, վիճակը հանգիստ է, վերահսկվում է ամբողջությամբ, եւ ակնկալում եմ ձեզանից նաեւ ըմբռնումով մոտենալ ներկա սահմանափակումներին»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG