Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Փենինգթոն. «Բրայզան հստակորեն Հայաստանի իշխանություններին փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի»


«Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները դադարեցվեն», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: - «Որքան արագ դա արվի, այնքան արագ Հայաստանը կվերադառնա այն ուղուն, որտեղ մենք նրան ցանկանում ենք տեսնել, այսինքն` ժողովրդավարության ուղուն, որտեղ քաղաքական հայացքներն արտահայտվում են օրինական եղանակով եւ մամուլը ազատորեն տարածում է այդ հայացքները»:

«Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եւ Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության անունից մեր խորը ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում», - նշեց Ջոզեֆ Փենինգթոնը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի` անցած շաբաթավերջին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ արած հայտարարություններին, ամերիկացի դիվանագետը շեշտեց. - «Կարծում եմ, որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած եւ չեն արտացոլում պարոն Բրայզայի այցի ընդհանուր էությունը: Մեթյու Բրայզան հստակորեն Հայաստանի իշխանություններին փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի»:

Հարցին, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, եթե մարտի 20-ին արտակարգ իրավիճակը Հայաստանում չվերացվի եւ շարունակվեն ընդդիմադիրների ձերբակալությունները, Ջոզեֆ Փենինգթոնը պատասխանեց. - «Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու` իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց` կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցությանը պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվեն որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»:

Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման հնարավորությունը ակնհայտորեն իրավիճակը մեղմացնող քայլ չի լինի. - «Չենք կարծում, որ դա անհրաժեշտ քայլ է: Հավանաբար դա միայն կսրի լարվածությունը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզայի եւ իր հիմնական ուղերձը նրան, Փենինգթոնի խոսքով, եղել է կառուցողական երկխոսությանը վերադառնալու անհրաժեշտությունը` որպես քայլ, որը Հայաստանը կվերադաձնի ժողովրդավարական ուղի:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ նշմարել են քաղաքական երկխոսության գնալու կամք, եւ կա արդյոք փոխզիջումների դաշտ, ամերիկացի դիվանագետն ասաց. - «Դա գործընթացի մասնակից կողմերի գործն է, բայց երկխոսությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հստակ հասցեագրում ունենա իրական բարեփոխումների, որոնց ձգտում է հայաստանցիների մեծ մասը»:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին, ըստ Ջոզեֆ Փենինգթոնի, «ազատ եւ բազմակարծ մամուլը ժողովրդավարական համակարգի ամենաառանցքային բաղկացուցիչն է». - «Մենք կարծում ենք, որ սահմանափակումները, որոնք արտակարգ դրության պայմաններում տարածվել են էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցների, ինչպես նաեւ ինտերնետային կայքերի վրա, առողջ քայլ չէ եւ Հայաստանն ավելի չի մոտեցնում ժողովրդավարությանը: Սա նաեւ հակաարդյունավետ է, քանի որ եթե չունեք վստահելի տեղեկատվություն եւ ստանում եք հասարակության շերտերում շրջանառվող երբեմն նաեւ սուտ բամբասանքներ, մարդիկ չեն հասկանում` ինչ է կատարվում իրականում, ինչն իր հերթին նպաստում է լարվածության աճին: Որքան արագ բացվեն հաղորդակցության եւ տեղեկատվության այդ ուղիները, այնքան լավ կլինի Հայաստանի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG