Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը արձագանքում է Սահմանադրական դատարանի որոշմանը


«Ինձ թվում է, Սահմանադրական դատարանը հերթական անգամ ձեւակերպեց արդարադատություն չիրականացնելու իր պատճառաբանությունները: Սահմանադրական դատարանի կողմից այս որոշման հրապարակումը՝ ես վստահ կարող եմ ասել, շատ ավելի մեծ վնաս ու հարված հասցրեց հանրապետության իրավակարգին, ժողովրդավարությանը, քան կարող էր հասցնել հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կայացված որոշումը».- ասաց Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին նաեւ հայտնեց, որ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել կամ անտեսել է իրենց դիմումի առանցքային երեք հարցերը: Դրանցից առաջինը վերաբերում էր հանրապետության նախագահի եւ վարչապետի միջամտությանը ընտրական գործընթացներին:

«Մեր հիմնավոր կարծիքով, Սահմանադրական դատարանի կողմից մեր այդ իրավական դիրքորոշմանը որեւէ կերպ չանդրադառնալը եւ դրան իրավական գնահատական չտալը հստակ ապացույց է այն բանի, որ մեր դիրքորոշումը եղել է ակնհայտորեն հիմնավոր: Դա նաեւ ընդունվում է Սահմանադրական դատարանի կողմից՝ եւ նա իր լռությամբ այս հարցի վերաբերյալ ընդունում է, որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ Սահմանադրության բազմաթիվ խախտումներով նախընտրական քարոզչության ողջ ընթացքում միջամտելը, ինչպես նաեւ հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից՝ վարչապետի պաշտոնում իր պաշտոնական պարտականությունները կատարելը չդադարեցնելը քարոզչության ողջ ընթացքում եւ դրանք օգտագործելը՝ նախընտրական քարոզչության ողջ ընթացքում կարող էին եւ ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Հակառակ դեպքում, Սահմանադրական դատարանը չէր կարող անտեսել այս երկու հիմնադրույթային հարցերը: Այսինքն, Սահմանադրական դատարանը իր լռությամբ ընդունել է մեր այս դիրքորոշման իրավացիությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG