Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազություն են հրավիրվել Ստեփան Դեմիրճյանը եւ Ռուզան Խաչատրյանը


Այսօր գլխավոր դատախազություն են հրավիրվել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ռուզան Խաչատրյանը, իրեն հրավիրել էին նախագահական ընտրություններին հաջորդած, մասնավորապես` մարտի 1-ի եւ մարտի լույս 2-ի գիշերվա իրադարձությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության` «առայժմ, համենայն դեպս, իբրեւ վկա»:

Իրեն ուղղված հարցերի շրջանակի վերաբերյալ նա ասաց. - «Նախ` անընդհատ պնդում էին մասնակցությունը «ապօրինի»` ինչպես իրենք էին արտահայտվում, հանրահավաքներին, երթերին եւ այլն: Ես հակադարձում էի, որ Սահմանադրությամբ հռչակված է ազատ երթերի եւ հանրահավաքների, զանգվածային միջոցառումների իրավունք, եւ ես իրականացրել եմ իմ իրավունքը, իսկ «ապօրինի հանրահավաք» հասկացություն Հայաստանի օրենքում չկա: Բացի այդ, հետաքրքրվում էին` որ օրը որ ժամին որտեղ եմ եղել, ինչ եմ տեսել: Պնդում էին, որ զանգվածային անկարգություններ, սպանություններ, ինչպես այնտեղ հարցը ձեւակերպված էր, զենքի կիրառում եւ այլն: Ես պատասխանեցի, որ ես այդպիսի բաներ չեմ տեսել, հետո մամուլից եմ իմացել, որ ինչ-որ անկարգություններ են եղել Մաշտոցի պողոտայում, բայց հանրահավաքը տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այնտեղ որեւէ այդպիսի բան չի եղել: Բայց երկու դրվագ, ինչին ականատես եմ եղել, ես մեջբերեցի: Առաջինը` ցերեկվա ժամերին ոստիկանության մեքենան թափով մխրճվեց ցուցարարների մեջ, եւ հետո մենք իմացանք, մեզ տեղեկացրեցին քաղաքացիները, որոնք երկու հոգու տարել էին հիվանդանոց` մի կնոջ եւ մի տղամարդու, նրանք ենթարկվել էին վրաերթի, ինչը ոստիկանությունը որեւէ կերպ չի ուզում ընդունել: Եվ եւս մեկ դրվագ, երբ ցուցարարների մի խումբ բերեցին տոպրակ, որի մեջ շշեր էին բենզինով լցված, եւ ասացին, որ առգրավել են այդ տոպրակը ոստիկանության մեքենայից»:

Ռուզան Խաչատրյանը հայտնեց, որ դատախազությունում իր վրա ճնշում չի եղել. - «Ճնշումներ չեն եղել: Հարցաքննում էր ստեղծված [հատուկ] քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանը, եթե չեմ սխալվում` Վահրամ էր անունը»:

Հարցաքննությունը տեւել է չորս ժամ. - «Հետո ասացին, որ օրենքով ավելի երկար չի կարող հարցաքննությունը տեւել, հետագայում ինձ նորից կհրավիրեն: Ցուցմունքները քննիչն էր գրի առնում` ես հրաժարվեցի ինքս գրել, ես ընթերցեցի, ստորագրեցի, ճշգրիտ գրված էր»:

«Երբ ես այնտեղ էի, հարցաքննության եկավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը իր փաստաբան Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ», - ասաց Ռուզան Խաչատրյանը եւ հավելեց. - «Ասեմ, որ ինձ հարցրեցին նախապես` ուզո՞ւմ եմ փաստաբան, թե՞ ոչ: Ես պատասխանեցի, որ այս պահին փաստաբանի կարիք չունեմ, հետագայում, եթե պետք լինի, կհրավիրեմ»:

Հարցազրույցի պահին Ստեփան Դեմիրճյանը դեռ դատախազությունում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG