Մատչելիության հղումներ

Ինտերնետային որոշ կայքէջերի անհասանելիությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակով


Այս օրերին անհասանելի են մի շարք ինտերնետային կայքէջեր: «Վեբ» ընկերության ղեկավար Ալբերտ Տոնեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ այդ կայքէջերի անմատչելիությունը իրոք նախատեսված է:

«Դա արտակարգ իրավիճակով է պայմանավորված», - ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք իրենց որեւէ ցանկ է նախապես ներկայացվել, Տոնեյանը արձագանքեց. - «Կարող եմ ասել, որ որոշակի ցանկեր գոյություն ունեն»:

Կարող են արգելափակվել ոչ միայն հայաստանյան կայքէջերը, այլ նաեւ արգելել դրսում գրանցված եւ գտնվող կայքէջերի մուտքը Հայաստան:

«Դա նույնպես ներսից կարելի է անել», - ասաց նա: - «Նպատակահարմարությունը մենք չենք որոշում: Արտակարգ իրավիճակների հետ կապված որոշակի սահմանափակումներ կան այդ սայթերի, եւ մենք չենք որոշում` անկախ նրանից com-ով են, am-ով են...»:

Գրեթե նույն կերպ հարցերին պատասխանեց նաեւ «Արմինկո» ընկերության ղեկավար Անդրանիկ Ալեքսանյանը: Նա եւս շեշտեց, որ նախագահի հրամանագրից բխող սահմանափակումներ կան, որոնց մասին իրենց տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը` գրեթե ամենօրյա պարբերականությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի կայքէջերից azatutyun.am-ը անմատչելի է արդեն մի քանի օր: Անդրանիկ Ալեքսանյանը հիշողությամբ ուղղակի ասաց, որ այդ մասին ցուցում եղել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG