Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ


Այսօր Հայաստանի Սահմանադրական դատարանը, որտեղ նախագահության թեկնածուներից երկուսը՝ Տիգրան Կարապետյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը վիճարկում են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, լսեց բոլոր կողմերի եզրափակիչ ելույթները եւ անցավ խորհրդակցական սենյակ:

Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի ներկայացուցչի ելույթը հակիրճ էր, հիմնված դատարանում հնչեցրած բացատությունների վրա, պահանջը` անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ:

Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի երեք ներկայացուցիչներն էլ հանդես եկան եզրափակիչ ելույթներով:

Փաստաբան Վահե Գրիգորյանը երեք հիմնական հարցադրում առանձնացրեց, ինչից հետո դիմելով Սահմանադրական դատարանին` հայտարարեց. - «Այս դատարանն իր որոշմամբ կհավաստի, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն եւ հավատարիմ այդ պետության սկզբունքներին: Ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ մնալը բացառում է ցանկացած անազատ ընտրություն: Եվ ամենակարեւորը` այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բնականաբար, ստանալու է իր լուծումը: Ամենացանկալի լուծումն այն է, որ կստացվի մեր հանրապետության ներսում, բայց, բնականաբար, լինելու են նաեւ օտար շահեր` սրանում ներքաշված: Եվ ուրեմն, այս ատյանի եւ ութ դատավորների ուսերին է ծանրանում նաեւ որոշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանը: Եվ մենք վստահ ենք, որ այս ատյանը որոշակիացնելու եւ ամրագրելու է այդ ինքնիշխանության սահմանը, ըստ այնմ` որ ցանկացած նման ծանր ճգնաժամ Հայաստանի Հանրապետությունում լուծվելու է, քանի որ այս պետությունը դեռ կենսունակ է այն աստիճան, որ կարող է նաեւ հաղթահարել այսպիսի ճգնաժամեր»:

Արտակ Զեյնալյանի բնորոշմամբ` վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի ընտրական համակարգում առկա բացթողումները, ընտրակեղծիքները եւ ընտրական հանցագործությունները կրկնվող բնույթ են կրում: Նա ընդգծեց նաեւ, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ին շտապելով ամփոփել է վերջնական արդյունքները, դիմող կողմին զրկել է բողոքարկելու հնարավորությունից»:

Տեր-Պետրոսյանի երրորդ ներկայացուցիչ Պարգեւ Օհանյանի եզրափակիչ ելույթի անկյունաքարը վարչապետ Սերժ Սարգսյանի, իրենց բնորոշմամբ` «անօրինական» մասնակցությունն էր ընտրություններին, այսինքն` որ «գրանցման պահից հանրապետության նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը»:

«Գտնում ենք, որ օրենքի միայն այս խախտումը ավելի քան բավարար էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունները անվավեր ճանաչելու համար», - հայտարարեց Օհանյանը:

Պատասխանող կողմը հակիրճ ելույթներից հետո դատարանին առաջարկեց մերժել դիմումները:

Ըստ Հայաստանի օրենսդրության՝ Սահմանադրական դատարանն իր որոշումը պետք է կայացնի մինչեւ մարտի 8-ի ժամը 24:00-ը:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի նախագահ է ընտրվել վարչապետ Սերժ Սարգսյանը:

Արմատական ընդդիմությունը պնդում է, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG