Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Ժամանակն է լարվածությունը վերացնելու»


ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ժամանակն է մեղմացնելու Հայաստանում ստեղծված լարվածությունը:

«Ժամանակն է լարվածությունը վերացնելու, բոլորը պետք է պատասխանատվություն հանդես բերեն եւ գիտակցեն, որ պետք է վերականգնվի այն դրականը, ինչ ուներ Հայաստանը մինչ այս իրավիճակը»,֊ - ասել է Բրայզան:

Կառավարության մամլո ծառայության վկայությամբ՝ «Բրայզան Սերժ Սարգսյանին ասել է, թե մինչ հանդիպումը հասցրել է հեռուստատեսությամբ լսել այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետի կառուցողական խոսքը եւ շատ ուրախ է այն շեշտադրումների համար, որոնք կային այդ խոսքում»:

«Դա այն էր, ինչ ես ակնկալում էի, որ մեր հանդիպման արդյունքում կլսեի Ձեզնից, բայց Դուք, ի ուրախություն ինձ, արդեն իսկ հնչեցրել եք», - ասել է Մեթյու Բրայզան:

Խոսելով հայտարարված արտակարգ դրության մասին եւ նշելով, որ այն, բնականաբար, չի կարող անվերջ շարունակվել, ու ներկայումս ջանքերը պետք է ուղղվեն նաեւ այդ խնդրի լուծմանը, Մեթյու Բրայզան համակարծիք է եղել վարչապետի հետ, որ արտակարգ դրությունը, իրոք, մի գործիք է, որը թույլ է տալիս լարվածությունը թուլացնել եւ գործընթացներն ուղղորդել դեպի իրենց բնականոն հուն: Նա ընդգծել է, որ անհնար է առաջ գնալ ժողովրդավարության ուղով, եթե երկրում չկա կարգ ու կանոն:

Սերժ Սարգսյանը նշել է, որ կառավարության նիստում որեւէ արտառոց հայտարարություն չի արել: Ասել է այն, ինչ ասում է արդեն մի քանի ամիս: Նա ընդգծել է, որ, անշուշտ, պետք է շարունակել երկխոսությունը բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են իշխանությունների հետ աշխատել, իսկ ովքեր չեն ցանկանում` ըստ վարչապետի, նույնպես մեր քաղաքացիներն են, ովքեր օրենքի սահմաններում գործելու պարագայում, կարող են մտածել, ինչ ուզում են, բայց օրենքը խախտելու դեպքում` պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար: Նա նշել է, որ ծայրահեղականների դեմ ՀՀ իշխանությունները պայքարելու են, ինչպես Միացյալ Նահանգներում: Վարչապետի խոսքերով, որպեսզի իրավիճակը կայունանա, պետք է նաեւ օբյեկտիվ եւ ճիշտ գնահատականներ տրվեն բոլոր կողմերից:

«Ես կարծում եմ, որ մենք դեռեւս շատ անելիքներ ունենք եւ, իրոք, կպայքարենք երկրում իրավիճակը կայունացնելու եւ բարեփոխումները շարունակելու համար: Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է: Մեզ այժմ միայն մի բան է անհրաժեշտ` կարգ ու կանոն», - ասել է Սերժ Սարգսյանը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG