Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հետամուտ ենք լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն»


Վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության երեկվա նիստում անդրադարձել է հետընտրական շրջանում երկրում առաջացած ներքաղաքական իրավիճակին, տվել որոշակի հանձնարարականներ:

«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ մենք խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եվ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ենք նաեւ մենք: Բայց մեղավորների մասին չի, որ այսօր ուզում եմ խոսել, այլ այդ աղետի հետեւանքների վերացման մասին, որովհետեւ բացի մարդկային կորուստներից (որոնք կարող էին լինել ավելի շատ, եթե համարժեք միջոցներ չձեռնարկվեին), մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, եւ կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ», - ասել է վարչապետը:

Նյութական կորուստների հետ կապված խնդիրը, ըստ Սերժ Սարգսյանի, «շատ հեշտ է եւ արագ վերացվող է. այս առումով քաղաքապետարանը, ֆինանսների եւ արդարադատության նախարարությունները շատ արագ պետք է արձագանքեն եւ առաջարկություններ ներկայացնեն»:

«Երկրորդ խնդրով` հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է, եւ այս առումով, ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ աշխատանքը այս ուղղությամբ», - հայտարարել է վարչապետը: - «Պետք է մտնել երկխոսության մեջ, պետք է վիճել, բացատրել նույնիսկ` եթե դիմացինդ չի հասկանում: Նույնիսկ` եթե դիմացինդ ատելությունից կուրացած է»:

«Երրորդ, ես պասիվություն եմ նկատում բոլորիդ աշխատանքներում, միջազգային կազմակերպությունների հետ կապված, ընդհանրապես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու հետ կապված: Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից, եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է, եւ առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա», - ասել է Սերժ Սարգսյանը եւ հավելել. - «Փառք Աստծո, որ մեր բանակը կարողացավ մեկ անգամ եւս ապացուցել, որ կայացած կառույց է եւ կարողացավ համարժեք արձագանքել մեր անվտանգությանն սպառնացող խնդիրներին: Մենք այս իրավիճակը նկարագրել էինք Ազգային անվտանգության հայեցակարգում, այն ժամանակ, երբ շատ-շատերին թվում էր, թե սա տեսական դրույթ է, որ այսպիսի բաներ հնարավոր չեն: Ցավոք սրտի, հնարավոր եղավ»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը ներկաներին կոչ է արել «լինել ակտիվ, լինել նախաձեռնող» եւ վստահեցրել է. - «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Սա հարյուր տոկոս խոստանում եմ բոլորիդ. սա խոստում չի, սա պարտականություն է, որ ես անելու եմ»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG